Եվրոպայի ներկայացուցիչների , բարձրաստիճան պաշտոնյաների հետ իմ ունեցած բոլոր շփումներում ես արձանագրել եմ, որ եվրոպացի մեր գործընկերները հասկանում են հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը և համաձայն են Իրանի հետ բնականոն հարաբերություններ պահպանելու և լավ հարաբերություններ զարգացնելու տեսլականի հետ:
Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԽԽՎ լիագումար նիստում հնչած հարց ու պատասխանի ընթացքում:
Իրանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակին անդրադառնալով՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը բարդ իրավիճակում է, երբ այդ քաղաքական հակասությունների կողմերում բարեկամներ են: «Մեր հույսը, կոչը և ցանկությունն այն է, որ քաղաքական հակասությունները, ինչպես այլ դեպքերում, այս դեպքերում էլ լուծվեն երկխոսութան տրամաբանության մեջ, որովհետև երկխոսությունը միակ ճանապարհն է, որով 21-րդ դարում քաղաքակրթության այսօրվա իրավիճակում հարիր է խնդիրների լուծման համար»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ եվրոպացի գործընկերների հետ շփումների ընթացքում ինքը տեսել է այս նույն ընկալումն ու գիտակցումը:









































