Ազգային վիճակագրական ծառայությունը նախօրեին հրապարակեց մեր երկրի ՀՆԱ-ի վերաբերյալ երկար սպասված տվյալները, որոնք բավականին «անհուսադրող» կարելի է համարել (ի հեճուկս իշխանության ներկայացուցիչների «հուսադրող» կանխատեսումների): Պարզվում է, որ այս տարվա առաջին եռամսյակի ՀՆԱ-ն նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է ընդամենը 1.2%-ով:
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբից ԱՎԾ-ն անցել է մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների հաշվարկման նոր մեթոդոլոգիայի: Ըստ այդմ՝ ՀՆԱ-ն այլևս չի հաշվարկվում ամեն ամիս, ինչպես նախկինում էր: Այժմ այն հաշվարկվում է եռամսյակային կտրվածքով, ընդ որում՝ յուրաքանչյուր եռամսյակի վերաբերյալ տվյալները ԱՎԾ-ն հրապարակում է այդ եռամսյակի ավարտից հետո 90-րդ օրը: Ամսական կտրվածքով այժմ հաշվարկվում է ՀՆԱ-ին ինչ-որ տեղ փոխարինող մեկ այլ ցուցանիշ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ):
Այն, ի տարբերություն ՀՆԱ ցուցանիշի, հաշվարկվում է տնտեսական գործունեության տեսակների թողարկման ծավալների, ոչ թե ավելացված արժեքների ծավալների հիման վրա և չի ներառում արտադրանքի զուտ հարկերը և ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները: Այնուամենայնիվ, ՀՆԱ-ն հետագայում հաշվարկվում է նաև ՏԱՑ-ի հիման վրա: Ի դեպ, այս 1.2% ՀՆԱ աճը բավականին ցածր է նաև այն առումով, որ ԿԲ-ն այս տարվա հունվար, փետրվար և մարտ ամիսների ՏԱՑ-ի հիման վրա փորձել էր գնահատել այս տարվա առաջին եռամսյակի ՀՆԱ-ն, և ստացել էր 2.7% աճ: Հիմա ստացվում է, որ ՀՆԱ-ն աճել է ընդամենը 1.2%-ով: Վրաստանում, օրինակ, այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 6%-ով:
Ինչևէ, տեսնենք, թե ՏԱՑ-ի ո՞ր թվերի հիման վրա էր, որ ստացվեց ՀՆԱ 1.2% աճ: Ընդ որում՝ շեշտենք, որ ՏԱՑ-ը հաշվարկվում է միայն տվյալ ամիսը նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ: Ասենք՝ այս տարվա ապրիլը նախորդ տարվա ապրիլի համեմատ, մայիսը՝ մայիսի համեմատ, և ոչ թե ասենք հունվար-մայիսը նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ: Բացի այդ, ՏԱՑ-ի ցուցանիշները ԱՎԾ-ն պարբերաբար վերանայում է: Օրինակ՝ սկզբում այս տարվա հունվար ամսվա համար հայտարարվեց ՏԱՑ-ի 7.7% արժեք, այնուհետև դա վերանայվեց և հասցվեց 3.7%-ի, հետո նորից բարձրացվեց: Վերջին վերանայումից հետո մենք 2011 թ. առաջին երեք ամիսների համար ունենք ՏԱՑ-ի հետևյալ թվերը՝ հունվարին 6.1%, փետրվարին՝ 0.9%, մարտին՝ 0.3%: Այս թվերն են, որ ապահովել են ՀՆԱ 1.2% աճ: Ապրիլ և մայիս ամիսներին ՏԱՑ-ը ավելի մեծ է ստացվել՝ համապատասխանաբար 7.7% և 9.9%: Այստեղից կարելի է ենթադրել, որ 2011 թ. երկրորդ եռամսյակի ՀՆԱ-ն ավելի մեծ կարող է լինել: Սակայն հիշեցնենք, որ 2011 թ. բյուջեի նախագծով ՀՆԱ աճը նախատեսված է 4.6%: Եվ որպեսզի այս թիվն ապահովվի, հաջորդ երեք եռամսյակներում ՀՆԱ-ն պետք է ավելի շատ աճի, քան 4.6%-ն է: Ընդ որում՝ ՀՆԱ 4.6% աճ ապահովելուց հետո էլ 2011 թ. մեր ՀՆԱ-ն 2008 թ. ՀՆԱ-ից պակաս կլինի մոտ 8%-ով: Մի խոսքով, դրված նպատակը բավականին համեստ է և ոչ թե հավակնոտ, թեև նույնիսկ դրան հասնելը դեռ հարցականի տակ է:
Գրեթե նմանատիպ վիճակ է նաև գնաճի պարագայում: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը տնտեսական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ «մայիս-հունիս» ամիսներին գները պետք է լինեն «մեր աչքին սովոր» մակարդակին: Թեև մայիս-հունիս ամիսներն արդեն անցյալում են, իսկ գները դեռ չեն հասել մեր աչքին սովոր մակարդակին, սակայն հունիսին մայիսի համեմատ ԱՎԾ-ն գնանկում արձանագրեց: Այսպես, հենց երեկ ԱՎԾ մեկ այլ հրապարակման համաձայն՝ այս տարվա հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ (տասներկուամսյա գնաճ), սպառողական ապրանքների գները աճել են 8.5%-ով: Հիշեցնենք, որ մայիսին տասներկուամսյա գնաճը կազմել էր 9%: Մայիսի համեմատ՝ հունիսին տասներկուամսյա գնաճի 0.5%-ով պակաս ցուցանիշ հնարավոր է եղել ապահովել այն բանի շնորհիվ, որ մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է 1.4% գնանկում: Համենայնդեպս, սա է արձանագրել ԱՎԾ-ն: Եթե այս տեմպերով ԱՎԾ-ն շարունակի գնանկում արձանագրել (յուրաքանչյուր ամիսը նախորդ ամսվա նկատմամբ), ապա տարեվերջին հնարավոր կլինի չխախտել գնաճի՝ բյուջեով նախատեսված սահմանը՝ 4±1.5%: Այսինքն՝ հնարավոր կլինի հասնել նրան, որ գնաճը լինի գոնե 5.5%-ից ոչ շատ մեծ:








































