Երևանի քաղաքապետարանն այսօր անհամեմատ հանգիստ պայմաններում շարունակում է Օպերայի թատրոնին հարակից սրճարանների ապամոնտաժումը։ Աշխատանքը կատարվում է հանգիստ, առանց լարվածության և թեժության, որ կար նախորդ օրը: Հետաքրքիր է, որ սրճարաններից մեկը հայտարարություն էր տարածել՝ մյուս սրճարանատերերին կոչ անելով դադարեցնել բողոքի ակցիաները, քանի որ դրանք կարող են վտանգել քաղաքացիներին ու ոստիկաններին, իսկ քաղաքապետարանի դեմ հարցերը քննարկել միայն իրավական ճանապարհով: Հայտարարությունն ուշադրություն է գրավում նաև քաղաքական տողատակի առումով, որ ակնհայտորեն ուներ իրավիճակը նախօրեին, երբ սրճարանների աշխատակիցների բողոքի ցույցին միացել էին անձինք, որոնք կապ չունեին սրճարաններից որևէ մեկի հետ: Իսկ քաղաքական ուժերից մեկը՝ ԲՀԿ-ն, անմիջականորեն փորձեց ներգրավվել գործընթացում՝ երկխոսության կոչերով, միաժամանակ, իհարկե, սոցիալական բողոքի հաղորդակի քաղաքական միավոր կուտակելու հաշվարկով, ինչը ևս բնական է քաղաքական որևէ ուժի համար:
«Այն, ինչ կատարվում էր Օպերային թատրոնի հարակից տարածքում, նախկին համակարգի արատավոր բնույթի ցցուն դրսևորումն է. նախկինում տնտեսական հարաբերությունները կառուցվել են ոչ թե անհատի և պետության շահերի համադրմամբ, այլ հակառակը՝ բախման սկզբունքով, և դա նաև որոշակիորեն ական է՝ դրված ապագա զարգացումների տակ: Եվ ցանկացած փորձ՝ հիմնարար կերպով փոխելու և օրինականացնելու այս հարաբերությունների բնույթը, հանգում է բախմանը, ունենում ենք տնտեսվարող- պետություն հարաբերության խնդիր, աշխատակիցների խնդիր և այլն, և սա ամենուր է. կառավարության օպտիմալացման հարցը լուծելու համար նույնպես այսպիսի խնդիրների ենք բախվելու: Այսօր Օպերայի տարածքում հանգիստ էր, և դա գուցե պայմանավորված էր նրանով, որ հասկացան՝ հեռանկար չունի իրենց գործողությունը»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց վերլուծաբան Հակոբ Բադալյանը:
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ընդգծեց, որ հանրային գերակա շահը միշտ մեր երկրում արհամարհվել է: Նրա խոսքով՝ եթե եղել են խախտումներ, պետք է քանդել սրճարանները և վերականգնել կանաչ գոտին, բայց նաև պատժել դրանց տեղակայման թույլտվությունը ստորագրողներին:
«Երևանի հաշվին ահռելի փողեր են աշխատել, իրավիճակ է փոխվել, և կնքված պայմանագրերը աշխատում են տնտեսվարողների դեմ»,- նշեց Հ. Բադալյանը: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի տնօրեն Դանիել Իոաննիսյանը հավելեց, որ այդ սրճարանները պետք է քանդվեին, բայց պետք է ավելի երկար ժամանակ տրվեր: Դ. Իոաննիսյանի դիտարկմամբ՝ երեկվա ցույցը չի կարելի համարել խաղաղ ցույց,քանի որ այնտեղ ոմանց արարքը խուլիգանություն էր:
Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ Օպերայի տարածքում պայքար է նախկին համակարգի և նորի հեռանկարի փիլիսոփայության միջև:
Ա. Արշակյանի դիտարկմամբ՝ «Ռոբերտ, վարչապետ» վանկարկելը և այդպիսի բիզնեսը պաշտպանելը հոգեվարքի մեջ գտնվող քաղաքական ուժի վարքագիծ է»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































