Օլիմպիական խաղերի շքեղ բացման ժամանակ ռուսական պատմության ներկայացումը չի լուսաբանել խորհրդային հաղթանակը Երկրորդ համաշխարհային պատերազմում: Սակայն այս օրերին պատերազմը քննարկվում է ավելի շատ, քան երբևէ՝ գրում է The Washington Post-ը:
70 տարի առաջ նացիստների դեմ պայքարում Ռուսաստանը հսկայական կորուստներ կրեց, և այդ զգացումը մինչև հիմա ուժեղ է: Միաժամանակ ժառանգությունն ունի նաև այլ կողմ. պատերազմից հետ տասնյակ տարիներ խորհրդային առաջնորդները ձգտել են ամրապնդել իրենց իշխանությունը՝ շահարկելով տիտանական պայքարի մասին հիշողությունը:
Այժմ Ռուսաստանի կառավարությունը, ըստ էության, շարժվում է նույն ուղղությամբ, որի վկայությունն է օրինագիծը, որը նախատեսում է քրեական հետապնդում ռուսական պատմության սխալ մեկնաբանման համար:
Կրեմլը Ռուսաստանին ներկայացնում է որպես երկիր, որը ենթարկվել է գաղափարախոսական հարձակման: Նրա կարծիքով՝ Արևմուտքը ձգտում է ռուսներին պարտադրել նրանց համար արժեքների խորթ համակարգ: Սակայն քննադատները կարծում են, որ «արտասահմանում սատանաների գոյության մասին» Վլադիմիր Պուտինի նախազգուշացումները սեփական դրությունն ամրապնդելու միջոց է՝ ասվում է հոդվածում: