Ռուսաստանի տարածքում բնակվող Հայաստանի ավելի քան 170 հազար քաղաքացիներ գտնվում են վտանգի գոտում. ՌԴ ներգաղթի նոր կանոնների համաձայն՝ նրանց մուտքը երկիր հավանական է կարգելվի 3 տարով: Ինչպես հաղորդում է REGNUM գործակալությունը, այս մասին մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակից Սվետլանա Ստեպանովան:
Նրա խոսքերով՝ եթե վերոնշյալ խումբը խախտել է էմիգրացիոն օրենսդրությունը (չի երկարաձգել կացության իրավունքը, աշխատանքի թույլտվություն չի ստացել և այլն), նշանակում է, որ նրանց սպասվում է երեք տարով Ռուսաստան մուտք գործելու արգելք: Ստեփանովան նկատել է, որ այդ քաղաքացիներից ոչ մեկը հետապնդման չի ենթարկվում, սակայն նրանց մուտքը ՌԴ կարգելվի: Նա մեկնաբանել է, որ դա արտաքսում չէ, այլ առանձին ընթացակարգ, և այս մասին որոշում կայացվում է դատական կարգով կամ էմիգրացիոն ծառայության տեղի կառույցի ղեկավարի կողմից:
Ստեփանովան ներկայացրել է վիճակագրություն, ըստ որի 2013 թ. արգելվել է Հայաստանի 24 հազար քաղաքացիների մուտքը ՌԴ: Այսպիսով հաշվի առնելով անցած տարվա ցուցանիշը նման քաղաքացիների թիվը կազմումէ 31.5 հազար:
Դեսպանատան աշխատակիցը նշել է, որ քաղաքացիների մուտքն արգելվում է ավտոմատ կերպով՝ ՌԴ դաշնային էմիգրացիոն ծառայության տվյալների հիման վրա: Հետագայում նրանք կարող են բողոքարկել վճիռը դատական կարգով՝ Ռուսաստանում իրենց վստահված անձի միջոցով:
Այդ տվյալների համաձայն՝ 2013 թ. ՌԴ են ժամանել Հայաստանի 670 հազար քաղաքացիներ, ինչը 20 %-ով գերազանցում է 2012 թ. ցուցանիշը: 2013 թ. 130 հազարն օրինականացրել են իրենց կացությունը Ռուսաստանում՝ պատենտ կամ աշխատանքի թույլտվություն ստանալու միջոցով: Խոսելով նեգաղթի նոր կանոնների մասին՝ Ստեփանովան հիշեցրել է, որ այն անձինք, որոնք չեն օրինականացրել իրենց կացությունը ՌԴ-ում 90 օրվա ընթացքում, պետք է լքեն երկիրը և կարող են վերադառնալ միայն երեք ամիս անց: Տվյալ կարգը չի վերաբերում ուսանողներին և Ռուսաստանում բուժման կուրս անցնող անձանց:
Ստեփանովան հրաժարվել է պատասխանել լրագրողնրի այն հարցին, թե ներգաղթի նոր կանոնները որքանով են համապատասխանում հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին, և արդյոք դրանք ակտուալ կլինե՞ն Մաքսային միությանն անդամակցելուց հետո: «Այդ հարցերն իմ իրավասությունից դուրս են»,- ասել է նա:









































