Մեքսիկայի դաշնային իշխանությունները սկսել են խաղաղօվկիանոսյան Միչոական նահանգում պետծառայողների մասշտաբային ստուգում՝ ուղղված «Տամպլիերների օրդենի ասպետներ» թմրակարտելի հետ հնարավոր կապի բացահայտմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հաղորդվում է, որ հետաքննության տակ են հայտնվել քաղաքապետերը, քաղաքային խորհուրդների անդամները, այլ պաշտոնատար անձինք, հասարակական անվտանգության մարմինների աշխատակիցները:
Ստուգողները կհիմնվեն տեղի բնակիչների, ձեռնարկատերերի, ինչպես նաև ինքնապաշտպանական ջոկատների մասնակիցների վկայությունների վրա:
Իշխանություններն արդեն ուսումնասիրում են թմրակարտելի հնարավոր մասնակցությունը տեղի թեկնածուների նախընտրական արշավների ֆինանսավորմանը և կաշառքների հարցը, որոնք կարող են վճարել մաֆիոզները իրենց ունեցվածքը օրինականացնելու համար:











































