Իրանը կդիմակայի ցանկացած ագրեսորի: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Ոչ մի երկիր չկարողացավ մեզ հաղթել,- ասել է Իրանի նախագահը՝ դիմելով ժողովրդին հեղափոխության հաղթանակի 35-ամյակի առիթով:- Իսլամական Հանրապետությունը դիմակայել է պատժամիջոցներին: Մեր երկիրը շարունակում է զարգացման ուղին»:
«Այսօր՝ կառավարության աշխատանքի մեկնարկից վեց ամիս անց, համալսարաններում և մամուլում մենք տեսնում ենք, որ մթնոլորտն ավելի ազատ է դարձել,- ասել է նա:- Հասարակությունը նույնպես ավելի շատ հանգստություն է ձեռք բերել: Կառավարությունն ու խորհրդարանը սկսել են ավելի արդյունավետորեն համագործակցել: Մենք տեսնում ենք գրագետ փոխգործակցություն տարբեր գերատեսչությունների միջև: Ներկայիս կառավարությունն իրագործում է իր տված բոլոր խոստումները»:
Իրանի նախագահն առանց ուշադրության չի թողել արտաքին քաղաքականության հարցերը՝ հայտարարելով, որ արտաքին քաղաքականության հիմնական մոտեցումներն են կառուցողական երկխոսությունն այլ երկրների հետ՝ փոխադարձ հարգանքի և հավասարության պայմաններում:
«Իրանի արտաքին քաղաքականությունում հատուկ տեղ են զբաղեցնում հարևան պետությունները: Մենք ձգտում ենք տարածաշրջանոմ խաղաղության ու կայունության հաստատման, որոնց կարևոր պայմանը ահաբեկչության դեմ համատեղ պայքարն է:
Միջուկային ծրագրի շուրջ «5+1» խմբի բանակցություններում մենք ցանկանում ենք ասել, որ Իրանը չի ձգտում թշնամության, որևէ երկրի հետ դիմակայության,- ասել է Ռուհանին:- Իրանը կդիմակայի ցանկացած ագրեսորի: Մենք միջազգային հանրությանը ցանկանում ենք ասել, որ պատժամիջոցներն անօրինական են: Իրանցի ժողովրդին ուղղված սպառնալիքներն անօգուտ են: 35 տարիների ընթացքում մեր ժողովուրդը դիմակայել է սպառնալիքներին: Բարին չկամեցողները պետք է իմանան, որ իրենց սպառնալիքները միայն միավորում ու ամրապնդում են մեր ժողովրդին»,- ասել է Ռուհանին:
Նա նաև նշել է, որ իր երկիրը լի է վճռականությամբ՝ շարունակելու մշակումները միջուկային տեխնոլոգիաների ոլորտում:








































