ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայում տիրող մարդասիրական իրավիճակին առնչվող բանաձևի նախագծի շուրջ քվեարկությունը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ՝ հայտարարել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մարկ Լայալ Գրանտը:
Նա վստահություն է հայտնել, որ փաստաթուղթը քվեարկության կդրվի: Գրանտի խոսքով՝ արտգործնախարար Ուիլյամ Հեյգն ասել է, որ դա կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել էր, որ Ավստրալիայի, Հորդանանի և Լյուքսեմբուրգի մշակած բանաձևի նախագիծը չի ընդունվի, քանի որ չի ունենա որևէ գործնական և դրական ազդեցություն Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա:
Չուրկինը երկուշաբթի հայտարարել էր, որ բանաձևի նախագիծը կխարխլի միջազգային հանրության մարդասիրական ջանքերը: Նա վստահություն էր հայտնել, որ պատժամիջոցների սպառնալիքներ պարունակող փաստաթուղթը չի ընդունվի:









































