Ես խոսել եմ ոչ թե ռուսաց լեզուն որպես երկրորդ պաշտոնական լեզու համարելու, այլ լեզուների միջև ստեղծված դասավորվածության մասին, որ հայոց լեզվի հետ միասին երկրորդ լեզուն, այնուամենայնիվ, միշտ եղել է ռուսերենը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը:
«Խոսքը թե ռուսերենով հեռուստահաղորդումների մասին է, թե կենցաղային կյանքում շփումների մասին: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ մեզ մոտ ռուսերենի մակարդակը միշտ եղել է շատ բարձր, հատկապես ԽՍՀՄ տարիներին, երբ բարձրագույն կրթությունը կազմակերպվում էր ռուսերենով»,-ասաց նա:
Սանդիկովի խոսքով՝ այդ առումով անկումն ինքը նկատում է իր մաշկի վրա, քանի որ սովորել է ԽՍՀՄ տարիներին, սակայն հետո կրթությունը շարունակել է հայկական դպրոցում. «Այսօրվա երիտասարդության մոտ ես նկատում եմ ռուսերենի մակարդակի որոշակի անկում, միգուցե անգլերենի իմացության մակարդակի բարձրացման հաշվին»:









































