Հայաստանի նոր խորհրդարանի աշխատանքի առաջին օրն անշուշտ թողնում է հակասական տպավորություն: Մի կողմից թավշյա հեղափոխության հանգամանքը հանրության մոտ ստեղծել էր ապագա քաղաքական գործընթացների և կառույցների ստերիլության մեծ սպասում, մյուս կողմից՝ իհարկե, մեզ բոլորիս անհրաժեշտ է հասկանալ, որ քաղաքական գործընթացները ստերիլ պետք է լինեն իրենց օրակարգով, սկզբունքներով, որոնք դրված են այդ օրակարգի թե՛ բովանդակության, թե՛ ընդհուպ ձևավորման մեխանիզմների հիմքում: Այդ իմաստով, գնահատելու ժամանակահատվածը դեռ առջևում է, և խորհրդարանի աշխատանքը պետք է ընթանա, որպեսզի որոշակիորեն ամբողջանա դրանում ընդգրկված քաղաքական միավորների վարքագիծը հանրային գնահատականի արժանանալու համար:
Այդ տեսանկյունից, նոր խորհրդարանի աշխատանքային առաջին օրվա առիթով դիտարկումների առատության ֆոնին փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում կամ կատարվելու խորհրդարանից դուրս, որովհետև հունվարի 14-ը, փաստորեն, նաև ինչ-որ իմաստով արտախորհրդարանական աշխատանքի առաջին օրն էր: Սա, իհարկե, պայմանական, սակայն խորքային առումով անկասկած է, որ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական նոր սաղմնավորումները շատ ավելի մեծ ծավալ ունեն, քան կարող է տեղավորել խորհրդարանը, և այդ իմաստով մենք պետք է դիտարկենք դրանք լայն իմաստով, նաև խորհրդարանից դուրս: Այստեղ առայժմ կա մի նկատելի ակտիվություն: Խոսքը տեղեկատվա-քարոզչական ակտիվության մասին, որը զանգվածաբար ուղղված է նոր իրավիճակի առնչությամբ հանրային հիասթափություն ստեղծելուն, թիրախավորելով ընդ որում ոչ միայն նոր իշխանությանը, այլ նաև ուժերին, որոնք խոսում են նոր որակի ընդդիմության մասին: Տեղեկատվա-քարոզչական այդ ալիքն ունի՞ իր հետևում քաղաքական, կամ ավելի շուտ, այսպես կոչված, քաղաքական պատվիրատուներ, որոնք իրականում նախկին իշխող համակարգը ներկայացնող խմբեր են: Սա, իհարկե, բավական բարդ է ասել, կամ ստույգ մատնանշել, թեև այդ առիթով հանրության շրջանում արդեն տևական ժամանակ տարածվում են տարբեր խոսակցություններ այս կամ այն մեդիագործարքի մասին, որ կնքվում են նախկին իշխանության տարբեր բարձրաստիճան ներկայացուցիչների անուններով:
Նոր «մեդիաթրենդի» բովանդակությունը կամ թիրախային ուղղվածությունը բավական հստակ է՝ ստեղծել նոր իրավիճակից հնարավորինս մեծ հիասթափություն հանրային հնարավորինս լայն շրջանակներում: Առաջին փուլում բերելով իրավիճակը որոշակի կոնդիցիայի, հաջորդ փուլով թերևս կսկսվի արդեն նախկինի հանդեպ որոշակի նոստալգիայի ձևավորման գործընթաց, այսինքն` դա կկազմի երկրորդ փուլի բովանդակությունը: Եթե դա էլ ունեցավ որոշակի էֆեկտիվություն ու հաջողություն, ապա երրորդ փուլով արդեն հրապարակ կմտնեն նախկին սուբյեկտները՝ արդեն ավելի բաց խաղով: Հայաստանը անկախությունից հետո մի անգամ արդեն իսկ անցել է այդօրինակ շրջափուլով, իհարկե ոչ ամբողջապես նույնական: Բայց քրեաօլիգարխիկ բուրգը, օրինակ, հիմնավորապես ձևավորվելու և բյուրեղանալու համար նախ օգտագործեց մարդկանց հիասթափությունը, այսպես ասած, անկախության առաջին տարիներից, հետո սկսեց արթնացնել կարոտաբաղձություն խորհրդային ժամանակի նկատմամբ, իսկ հետո արդեն դրա վրա փորձեց որոշակի նոր փաթեթավորումով, նաև, իհարկե ավելի, այսպես ասած՝ «արդիականացված» տարրերով վերականգնել խորհրդային մտածողության դաշտը, դրա վրա կառուցելով գանձագողությունն ու փորձելով օգտագործելով խորհրդային այդ մտածողությունը ապահովել դրա համար հանրային լեգիտիմ հիմքեր: Չէ՞ որ խորհրդային մտածողության ամենաբնորոշ հատկանիշներից էր այն, որ մարդիկ իրենց չէին զգում քաղաքացի և պետությունը չէին համարում իրենցը,՝ամեն մեկն իր տեղում և իր չափով տանելով այդ պետությունից:
Քրեաօլիգարխիկ բուրգի հայաստանյան ճարտարապետները խորհրդային նոստալգիայի շնորհիվ վերականգնեցին պետության հանդեպ հանրային որոշակի անտարբերությունը, սակայն հետո խստիվ սահմանափակեցին պետությունից տանողների շրջանակը: Հայաստանը կանցնի՞ ինֆորմացիոն «լվացման» կամ, ավելի շուտ, «կեղտաջրի» այդ նոր ալիքով, այդպիսով նենգափոխելով իրապես պետական քաղաքականության նոր հնարավորությունը: Դա արդեն էապես կախված է այն բանից, թե պետությունն ինչ քաղաքականություն է որդեգրելու տեղեկատվական դաշտի առողջացման ուղղությամբ, որի անհրաժեշտությունն անգամ նախկին իշխանությունն էր առնվազն դեկլարատիվ մակարդակում ընդունում: Ընդ որում՝ ներկայիս իրավիճակը շահեկանորեն տարբերվում է նրանով, որ այժմ իրականության նենգափոխման հարցում շահագրգռված ուժերը չեն տիրապետում իշխանական լծակների՝ ի տարբերություն նախորդ տարիների: Փոխարենը, իշխանության, այսինքն` պետական քաղաքականության լծակը այն ուժերի ձեռքում է, որոնք պետք է շահագրգռված լինեն մեդիաառողջացման խորքային գործընթացով, ինչը նաև ազգային անվտանգության հարց է, քանի որ տեղեկատվական անվտանգությունը դրա բավական բազմաշերտ և կարևոր բաղկացուցիչն է:











































