Այսօր՝ 2019 թվականի հունվարի 14-ին, մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Այն վարում է «Իմ քայլը» խմբակցության ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը:
ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվել է «Իմ քայլը» դաշինքից Արարատ Միրզոյանի թեկնածությունը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու համար:
Իր ելույթում նա նշեց, թե ինչու այսօր ընդդիմությունը չի ներկայացնում ԱԺ նախագահի սեփական թեկնածուի. «Ընդդիմությունը թեկնածու առաջադրելով 2 հարց է լուծել՝ ամեն ինչ արել է, որ իր ձայնը չտա իշխանության ԱԺ նախագահի թեկնածուին, և այդ առաջադրման արդյունքում դեբատ է ձևավորել: Մեր քննարկումներում մենք որոշել ենք ԱԺ նախագահի թեկնածու չառաջադրել, որովհետև խնդիր չունենք անպայման մեր ձայնը չտալու քաղաքական մեծամասնության թեկնածուին»:
Նրա խոսքով՝ նախկին գումարման Ազգային ժողովներում Ազգային ժողովի դերը միշտ նվազ է եղել. «Այսօր մենք հնարավորություն ունենք մեր պետականաշինությունը նոր ռելսերի վրա դնելու: Հույս ունեմ, որ այն, ինչ տեսել ենք, այլևս չենք տեսնի: Ես ԱԺ նախագահից ակնկալում եմ անաչառ արբիտրի դերակատարում»:
Էդմոն Մարուքյանը հույս հայտնեց, որ Արարատ Միրզոյանի հետ աշխատանքը հեշտ կլինի. «Ես չեմ կարծում, որ մարդիկ պետք է փոխվեն տարբեր պաշտոններ ստանձնելիս: Նորմալ է, որ ԱԺ նախագահի համար չկա «մրցակցություն»»: Նա նշեց, որ «Լուսավոր Հայաստանն» իր ձայնը կտա Արարատ Միրզոյանին. «Պարոն Միրզոյան, սա կրեդիտ է, որը դեռ պետք է որպես ԱԺ նախագահ վաստակել»:
Էդմոն Մարուքյանը ևս իր շնորհակալությունը հայտնեց 6-րդ գումարման Ազգային ժողովին և նրա ղեկավարությանը խոհեմություն դրսևորելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում:









































