Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը, որ պաշտոնապես հաստատվել է օրերս, բացահայտում է Հայաստանում նախկին իշխող համակարգի անկման ամբողջ խորությունը, այդ անկման վտանգի խորությունն ու նաև տարածականությունը՝ պետականության, ազգային անվտանգության տեսանկյունից: Ընդ որում՝ կարևոր չէ, թե երբվանից է Միքայել Հարությունյանը դարձել ՌԴ քաղաքացի, նա օտար երկրի քաղաքացի է եղել պաշտպանության նախարար եղա՞ծ տարիներին, թե՞ դրանից հետո: Դա անկարևոր տարր չէ ինքնին, հատկապես, երբ էական առնչություն կարող է ունենալ անօրինականության հետ: Սակայն անգամ, եթե չկա այդպիսի խնդիր, այսինքն՝ նա չի եղել օտար երկրի քաղաքացիությամբ Հայաստանի բարձրագույն պաշտոնյա, միևնույն է, ինքնին փաստը, որ այժմ նա ՌԴ քաղաքացի է և ըստ էության դիտարկում է այդ քաղաքացիությունն իբրև Հայաստանի իրավապահ համակարգից պաշտպանության միջոց, արդեն իսկ իշխող համակարգի խորքային արատի վկայություն է:
Միևնույն ժամանակ այդ ամենն էլ իր հերթին վկայում է, որ լուծած լինելով միայն համակարգի իշխանությունից դե յուրե հեռացման, այսինքն՝ արդեն ոչ իշխող համակարգ դարձնելու, և նաև ինքնին որպես ամբողջական համակարգ կազմալուծելու հարցը, մենք, որպես հանրություն, այդ համակարգի ամբողջական կենսագործունեության հարցը դեռ չենք լուծել: Ընդ որում, ակնառու է, և ոչ թե նոր, այլ հերթական մի առիթով, թե համակարգը սեգմենտային ինչպիսի ազդեցություններ ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանի սահմաններից դուրս, մասնավորապես Ռուսաստանում: Այս իրողությունը խուճապի առիթ չէ, հիմք չէ, և ոչ էլ հակահեղափոխության կամ ռևանշիզմի մասին խոսելու: Ի վերջո, այլևս ամոթ է խոսել այդ մասին՝ ունենալով արտահերթ ընտրության 70 տոկոս արդյունք: Սակայն մյուս կողմից, ինքնախաբեություն կամ թյուր պատկերացում կլինի համարել, թե նախկին համակարգն այլևս որևէ կերպ չկա և իրենից չի ներկայացնում ոչինչ, որը կարող է արգելակել իրադարձությունների հետագա զարգացումը, ունենալ դրա վրա շոշափելի ազդեցություն, խնդրահարույց ազդեցություն, ընդ որում կրկնենք՝ նաև Հայաստանի սահմաններից դուրս: Եվ սա միայն նոր իշխանության խնդիրը չէ, այլ նաև նոր իրավիճակում իրենց հանրային ու քաղաքական տեղն ու դերը ունենալու խնդրով շահագրգռված բոլոր սուբյեկտների: Մյուս կողմից, իհարկե, այստեղ առաջանում է մեկ այլ խնդիր:
Զուտ շահերի սպեկտրը դիտարկելով՝ հասկանալի է դառնում, որ թե՛ իշխանությունը, թե՛ հասարակական, առավել ևս քաղաքական մյուս խմբերը և միավորները կարող են ունենալ որոշակի շահագրգռություն օգտագործել նախկին համակարգի տարբեր կտորները, գտնել նրանց հետ ընդհանուր ժամանակավոր գործակցության եզրեր իրենց ռազմավարությունը սպասարկելու համար: Այլ կերպ ասած, չկա միջավայր, երբ նոր իրավիճակի շահառու ներկայացող հանրային, քաղաքական, իշխանական խմբերը կգան մեկ ընդհանուր հայտարարի նվազագույնը մեկ հարցում՝ միարժեք մերժել նախկին համակարգի որևէ տեսքով դերակատարում հանրային-քաղաքական կյանքում, իշխանական դերակատարումը յոթ ամիս առաջ մերժելուց հետո: Մյուս կողմից, սա օբյեկտիվ իրողությունն է, որ առկա է քաղաքական ցանկացած գործընթացում: Դա է քաղաքականությունը, դուր գա մեզ, թե ոչ: Հնարավոր է իհարկե պատկերացնել ստերիլ միջավայր, բայց դա ցանկություն է, որը իրականության տեղ ներկայացնելու փորձը, խնդիրներից բացի, չի բերի ոչինչ՝ խլելով ավելորդ ժամանակ, էներգիա, ռեսուրսներ: Եվ այդ առումով մենք հանդես եկել ենք առաջարկով, որպեսզի ձևավորվի հասարակական-քաղաքական խորհրդակցական մարմին, որն անցումային ներկայիս փուլում, այսպես ասած, վառ կպահի հեղափոխության օրակարգի, արմատական հասարակական-քաղաքական փոփոխությունների օրակարգի «օջախի ծուխը», որպեսզի ներկայիս փխրուն և քաղաքական ինստիտուտների, դեռևս չկայացածության փուլում, այդ օրակարգը չստորադասվի ներքաղաքական շահերի ազդեցությանը, որովհետև այդ շահերն էլ օբյեկտիվ են և հնարավոր չէ դրանք ճնշել, այսպես ասած, արհեստական միջամտությամբ:
Խորքային առումով, օրակարգի պահպանությունը գործնականում հասարակական ինստիտուտների գործառույթն է՝ մեդիա, փորձագիտական հանրություն, ոչ կառավարական կազմակերպություններ: Սակայն կրկնենք՝ մեզանում այդ ամենը, մեղմ ասած, հեռու է կայացածությունից և ավելի շատ կատարում է հակառակ դերը, խեղելով ու նենգափոխելով օրակարգերը, ինչն էլ հենց առաջացնում է «հեղափոխության պահապան» մի կլոր սեղանի ձևավորման անհրաժեշտությունը, որը ամենևին չի ունենա, այսպես ասած, իմպերատիվ թելադրանքի իրավասություն, բայց, մյուս կողմից, որոշակի նշաձողի տակ կպահի դաշտը:
Լուսանկարը՝ Photolure-ի









































