TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս տարի Թուրքիա այցելած զբոսաշրջիկների քանակն արդեն իսկ գերազանցել է 9 միլիոնի սահմանագիծը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարությունը։
Հունվար-մայիս ամիսներին Թուրքիա է այցելել 9,246,000 զբոսաշրջիկ, ինչը 14.56 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։
Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թվում առաջին տեղը զբաղեցնում են գերմանացիները, ապա՝ ռուսները, իրանցիները և բրիտանացիները։ Մայիսին սակայն գերակա դիրքում են հայտնվել ռուս զբոսաշրջիկները։
Օտարազգի զբոսաշրջիկների նախապատվելի վայրերն են Անթալիան, Ստամբուլը և Մուղլան։
Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիայում մեծ ուշադրություն է հատկացվում զբոսաշրջության զարգացմանը: Մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը) զբոսաշրջիկների թիվը հասցվելու է 50 միլիոնի, որոնք 50 միլիարդ դոլարի եկամուտ կապահովեն երկրին:
2010 թվականին Թուրքիա է այցելել 28.6 միլիոն զբոսաշրջիկ: Այդ ցուցանիշով Թուրքիան աշխարհում զբաղեցրել է 7-րդ տեղը, իսկ զբոսաշրջությունից ստացված եկամուտների ցուցանիշով (20.8 միլիարդ դոլար)՝ 9-րդ տեղը:
Կանխատեսվում է, որ այս տարի Թուրքիա կայցելի 30 միլիոն զբոսաշրջիկ, որոնք 25 միլիարդ դոլարի եկամուտ կապահովեն երկրին: