ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Թրեյսին դեսպան կնաշանակվի Սենատի կողմից թեկնածության հաստատումից հետո:
Ըստ հաղորդագրության՝ որոշումն ընդունվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից աջակցություն վայելող՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի թեկնածուի պաշտոնի ստանձնման հետաձգումից հետո, որպեսզի ԱՄՆ սենատորներին հնարավորություն տրվի ավելի մեծ հստակություն մտցնել ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի անխոհեմ առաջարկում, որը վերաբերում էր ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին։
«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը անհամբեր սպասում է դեսպանի պաշտոնում Թրեյսիի թեկնածության հավանությանը և Հայաստանում նրա ծառայության անցնելուն, որտեղ նա լավ հնարավորություն կունենա բարելավելու հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։