Եվրամիությունը չի պատրաստվում փոփոխություններ կատարել հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ Լոնդոնի հետ ձեռք բերված համաձայնագրում: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ պատասխանելով խորհրդարանականների հարցերին՝ տեղեկացնում է TASS-ը։
«Վաղը մենք քննարկելու ենք Brexit-ի թեման, կլսենք Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի զեկույցը: Մենք չենք պատրաստվում վերստին փոխել համաձայնագիրը, դա ԵՄ-ի 27 երկրների միասնական դիրքորոշումն է»,- ասել է նա:
Մերկելի խոսքով՝ Գերմանիան հանդես է գալիս հանրակցությունից թագավորության կանոնակարգված դուրս գալու օգտին: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Եվրախորհրդարանում հավաստել է, որ Brexit-ի շուրջ Մեծ Բրիտանիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը միակ հնարավորն է:
«Մենք հասել ենք համաձայնության… Այդ գործարքը հնարավոր լավագույնն է ու միակ հնարավորը»,- ասել է նա և հավելել, որ հնարավորություն կա հավելյալ բացատրությունների ու մեկնաբանությունների, բայց առանց միությունից երկրի անջատվելու վերաբերյալ համաձայնագրի վերանայման:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը դեկտեմբերի 10-ին չեղարկել է քվեարկությունը բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում Brexit-ի պայմանների վերաբերյալ կառավարական համաձայնագրի շուրջ, որը պետք է կայանար դեկտեմբերի 11-ին:
Տեղի դիտորդների գնահատումների համաձայն՝ Մեյի կառավարությունը պարտություն էր կրելու քվեարկության անցկացման դեպքում, քանի որ իշխող Պահպանողական կուսակցության եվրասկեպտիկների թևը, ինչպես նաև հյուսիսիռլանդական Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունից թորիներին պաշտանող պատգամավորները կտրուկ դեմ են Brexit-ի վերաբերյալ նախարարների կաբինետի պատրաստած գործարքին: Ի պատասխան գործարկվել է Մեյի նկատմամբ վստահության հարցի շուրջ քվեարկության ընթացակարգը: Քվեարկությունը կկայանա դեկտեմբերի 12-ին բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում: Մեծ Բրիտանիայի վարչապետին վստահության շուրջ քվեարկությանը պետք է մասնակցեն 315 պահպանողական պատգամավորներ:
Մեյը հայտարարել է, որ ընդունում է Պահպանողական կուսակցությունից իր գործընկերների մարտահրավերը և մինչև վերջ պայքարելու է իրեն կառավարության ղեկավարի պաշտոնից հեռացնելու փորձերի դեմ: Նա հավելել է, որ իր պաշտոնաթողությունը կարող է ձգձգել կամ նույնիսկ չեղարկել Brexit-ը:









































