Thursday, 25 06 2026
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի

Նոր զարգացումներ HSBC բանկի վրա ավազակային հարձակում գործած ու 2 մարդու սպանած գնդապետի գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ սկսվեց Դանիել Դանիելյանի գործով դատաքննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Դանիել Դանիելյանը, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության՝ տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը, ունենալով ոստիկանության գնդապետի կոչում, հանդիսանալով պետական ծառայություն և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, մտադրվել է ավազակային հարձակմամբ, մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ «HSBC բանկ Հայաստան» ՓԲԸ «Կոմիտաս» մասնճյուղից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 242 միլիոն 355 հազար դրամին համարժեք 500 հազար ԱՄՆ դոլար գումար:

Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Դանիել Դանիելյանը ծրագրել է հանցավոր արարքի կատարումը և 2018 թվականի մայիսի 3-ին, օրը ցերեկով՝ ժամը 14-ն անց 18-ի սահմաններում, դիմակավորված, զինված՝ իրեն պատկանող, 12 տրամաչափի կոտորակային փամփուշտներով լիցքավորված, իտալական գործարանային արտադրության «FABARM» տեսակի ողորկափող, մեկփողանի կարաբինով, իր կողմից ապօրինի ձեռք բերված, ինքնաշեն եղանակով գործարանային պայմաններում «Ջ-1» տեսակի ձեռքի նռնակների նմանողությամբ պատրաստված, «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տեսակի ձեռքի նռնակների պայթեցնելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող պայթուցիչով համալրված էլիպսաձև նռնակով, քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող, գործարանային արտադրության, ընդհանուր նշանակության որսորդական դանակով, ապօրինի մուտք է գործել բանկի մասնաճյուղ, կարաբինից մեկ անգամ կրակոց է արձակել առաստաղին, հաճախորդներից պահանջել է պառկել հատակին, իսկ բանկի աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել 500 հազար ԱՄՆ դոլար:

Դանիել Դանիելյանը հանդիպել է մասնաճյուղում պահնորդական ծառայություն իրականացնող, «Արմոբիլ» ՓԲԸ պահնորդ Խաչատուր Գալստյանի դիմադրությանը: Իր հանցավոր մտադրության իրականացման համար առաջացած խոչընդոտը վերացնելու, պահնորդի դիմադրությունը հաղթահարելով հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու նպատակով, շահադիտական դրդումներով և ավազակությամբ զուգորդված՝ Դանիել Դանիելյանը կարաբինից մեկ անգամ կրակել է ծառայողական գործունեություն իրականացնող Խաչատուր Գալստյանի կենսական կարևոր օրգանների շրջանին՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսին, և դիտավորությամբ նրան զրկել է կյանքից:

Ըստ մեղադրանքի՝ շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը՝ Դանիել Դանիելյանը մասնաճյուղի երկրորդ պահնորդ Արամ Մկրտչյանից պահանջել է իրեն հանձնել մասնաճյուղում եղած գումարները:

Արամ Մկրտչյանը Դանիելյանի զենքի սպառնալիքի ներքո նրան ուղեկցել է մասնաճյուղի դրամարկղային բաժին, որտեղ Դանիելյանը պահնորդից դարձյալ պահանջել է իրեն հանձնել մասնաճյուղում եղած ամբողջ գումարը:

Սակայն, չստանալով մասնաճյուղի մետաղե պահարանի գաղտնաբառը, պահնորդին կյանքից զրկելու դիտավորությամբ Դանիելյանը իր մոտ եղած կարաբինից փորձել է կրակել Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների շրջանի՝ որովայնի ուղղությամբ: Մկրտչյանը ակտիվորեն դիմադրել է, կարաբինի փողը հրել է ներքև, և կրակոցը կատարվել է հատակին: Կարաբինը ևս ընկել է հատակին, որից անմիջապես հետո Դանիել Դանիելյանը, ըստ մեղադրանքի, գործելով նույն դիտավորությամբ, իր մոտ եղած որսորդական դանակով հարվածներ է հասցրել Արամ Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների՝ սրտի ու գլխի շրջաններին, նրան պատճառել է մարմնական վնասվածքներ՝ ձախ այտային և կրծքավանդակի ձախ կեսի չթափանցող ծակած-կտրած վերքերի ձևով, որոնք Մկրտչյանի առողջությանը հասցրել են միջին ծանրության վնաս:

Դանիել Դանիելյանին, ըստ մեղադրանքի, չի հաջողվել Արամ Մկրտչյանին կյանքից զրկելու դիտավորությունը ավարտին հասցնել միայն այն բանի շնորհիվ, որ վերջինս թաքնվել է մոտակա պատի հետևում, բացի այդ՝ դրամարկղային բաժին եկած, մասնաճյուղի գործառնությունները համակարգող Արմեն Խաչատրյանը շեղել է Դանիելյանի ուշադրությունը՝ հայտնելով, թե պատրաստ է նրան տալ պահանջված գումարները:

Դանիել Դանիելյանը դանակով ու նռնակով սպառնալով՝ պահանջել է իրեն տրամադրել 500 հազար ԱՄՆ դոլար:

Արմեն Խաչատրյանը իրեն հատկացված մետաղե պահարանից դուրս է բերել և Դանիել Դանիելյանի պահանջով ողջ գումարը՝ առանձնապես խոշոր չափերով՝ 79 միլիոն 200 հազար դրամ, 110 հազար ԱՄՆ դոլար, 39 հազար 690 եվրո, 242 հազար 240 ռուսական ռուբլի, 7925 անգլիական ֆունտ ստեռլինգ, 2980 կանադական դոլար, 200 ավստրալիական դոլար և 700 ՄԱԷ դիրհամ, փողը նախ լցրել է Դանիելյանի կողմից տրամադրված ուսապարկի, ապա պոլիէթիլենային տոպրակի մեջ:

Դանիել Դանիելյանը, վերցնելով գումարով լցված պայուսակները, դուրս է եկել մասնաճյուղից ու փորձել է փախչել՝ Գյուլբենկյան փողոցով դեպի Արամ Խաչատրյան փողոց:

Ոստիկանության աշխատակիցները հետապնդել են Դանիելյանին: Վերջինս, հետապնդումից ազատվելու և չբռնվելու նպատակով իր մոտ գտնվող կարաբինից կրակել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի որովայնին, այնուհետև երկրորդ կրակոցն է արձակել նրա մարմնի նույն հատվածին: Ստացած հրազենային վնասվածքներից Արա Շախգուլյանը նույն օրը հիվանդանոցում մահացել է:

Հետապնդումից ազատվելու, չբռնվելու նպատակով Դանիել Դանիելյանը կարաբինից կրակել է նաև իրեն հետապնդող, ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Վաղինակ Սարգսյանի և հասարակական պարտքը կատարող, հանցավորին վնասազերծող քաղաքացի Հրաչյա Մեժլումյանի ուղղությամբ, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով՝ ավարտին չի հասցրել, քանի որ փամփուշտները վերջացել էին, ու կրակոցներ չեն արձակվել:

Վաղինակ Սարգսյանը, Հրաչյա Մեժլումյանը մի քանի քաղաքացիների միահամուռ օգնությամբ վնասազերծել են Դանիել Դանիելյանին, որի ընթացքում վերջինս շարունակելով իր հանցավոր վարքագիծը՝ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Վաղինակ Սարգսյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Մայթին սփռվել են բանկից հափշտակված թղթադրամները, իսկ վնասազերծողների կողմից անշարժացված ու մայթին պառկած Դանիելյանին մնում էր դրանց նայել որպես արդեն անհասանելի դարձած «երազանքի»:

Նույն օրը Դանիել Դանիելյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են նաև ապօրինի ձեռք բերված ռազմամթերք՝ 25 հատ փամփուշտ:

Ըստ տեղեկությունների՝ Դանիել Դանիելյանը բարեկեցիկ կյանքով է ապրել…

Դանիել Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 8-րդ, 11-րդ կետերով,104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 235 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 4-րդ մասերով:

Գործով մեղադրող դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Նախագահող դատավորը ավելի մատչելի բացատրեց, թե որ հոդվածներով է մեղադրվում ամբաստանյալը, և տվյալ արարքների համար ինչ պատիժներ են նախատեսված օրենքով:

Դանիել Դանիելյանին առաջադրված են ծանրագույն մեղադրանքներ, որոնց մի մասով նախատեսված է նաև ցմահ ազատազրկում:

Ամբաստանյալ Դանիել Դանիելյանը, որ փոքրամարմին, կարճահասակ տղամարդ է, նիստի ամբողջ ընթացքում թաշկինակով փակում էր ձախ աչքը, որը հավանաբար վնասված էր նրան վնասազերծելու ժամանակից:

Ամբաստանյալն ասաց, թե առաջադրված մեղադրանքն իր համար պարզ է, բայց դիրքորոշում չհայտնեց՝ ասելով՝ «Չեմ կարող պատասխանել ոչ մի հարցի»:

Ամբաստանյալի շահերը պաշտպանում է հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Ռուզաննա Սիրեկանյանը:

Դատարանը, կողմերին լսելով, հաստատեց ապացույցների հետազոտման կարգը՝ կհարցաքննվեն գործով տուժողները, վկաները, այդ թվում՝ տուժողների իրավահաջորդները, կհետազոտվեն գործում առկա գրավոր և իրեղեն ապացույցները, վերջում կհարցաքննվի ամբաստանյալ Դանիել Դանիելյանը:

Քանի որ դատական նիստին չէին ներկայացել տուժողները, դատարանը հետաձգեց նիստը՝ հաջորդ նիստում տուժողների ու վկաներ ներկայությունն ապահովելու համար:

Երբ հաջորդ դատական նիստի օր նշանակվեց 2019 թվականի հունվարի 18-ը, Դանիելյանի կողմից սպանվածներից մեկի հարազատը, որ գտնվում էր դատարանի դահլիճում, բացականչեց. «Էս վիժվածքը շա՞տ պտի էս մաքուր օդը շնչի»:

Նախագահողը դատական սանկցիա կիրառեց՝ նկատողություն հայտարարեց ամբաստանյալի հասցեին բացականչություն անողին: Վերջինս փորձեց բացատրել իր վարքագիծը. «Մեր համբերությունը չի ներում: Որ նիստերը հետաձգվում են, էս վիժվածքը ավելի շատ ա էս մաքուր օդը շնչում»:

Ամբաստանյալը նույնպես պոռթկաց. «Վիժվածքը դու ես»:

Քաղաքացին հունից դուրս եկավ ու սկսեց գոռգոռալ: Կարգադրիչները նրան դուրս բերեցին դահլիճից:

Նախագահող դատավորը կարգադրեց, որ կարգազանց քաղաքացուն այլևս թույլ չտան ներկա գտնվելու դատական նիստերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում