Գյուղատնտես, Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի դիտարկմամբ, բույսերի պաշտպանության ծառայությունները սխալ քաղաքականություն են վարում, ինչը հանգեցնում է գյուղմթերքի գնի բարձրացմանը։ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ արտահանումը սխալ սկզբունքով է իրականացվում։
«Առաջին հերթին գյուղացին աշխատում է տեղի ազգաբնակչության համար։ Միայն ավելցուկը պետք է արտահանվի։ Արտահանումը պետք է կազմի 10-20%-ը: Մինչդեռ հիմա ունենք ծիրանի միայն 30% բերք»,-սա է, ըստ Բերբերյանի, ծիրանի թանկ լինելու պատճառը։ Արտահանումը նույն կերպ պետք է կատարվի նաև անասնաբուծության դեպքում. միայն տեղական պահանջարկը բավարարելուց հետո կարելի է արտահանում իրականացնել։ Արտահանման համար պետք է քվոտաներ սահմանել,- առաջարկում է Բերբերյանը։
Բերբերյանը անդրադարձավ նաև մսի թանկացման խնդրին։ Գյուղատնտեսը համաձայն չէ նախարարության այն հայտարարության հետ, թե մսի գինը բարձրացել է գլխաքանակի ավելացման հետ կապված։ «Գլխաքանակը չի ավելացել։ Այստեղ ուրիշ պրոցես եղավ՝ խոսքը վերաբերում է մսավաճառների հետ կապված վերջին դեպքերին։ Դա արհեստականորեն բարձրացրեց մսի գներ, որ էլ չեն իջնելու»,- ասում է Բերբերյանը։ Այժմ մսավաճառները, նախկին 2000-ի փոխարեն, միսը գնում են 2350 դրամով։










































