Ուկրաինայում նկատվում է դիմադրության շրջադարձ: Եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա Վիկտոր Յանուկովիչը բանակցություններ է սկսել կապիտուլյացիայի վերաբերյալ: Մնում է որոշել, թե ինչպիսի՞ն կլինի կապիտուլյացիան՝ անվերապահ կամ պատվավո՞ր, թե՞ անհապաղ կամ ձգձգվող, սակայն ընդհանուր առմամբ դրանք մանրուքներ են: Հասկանալի է գլխավորը՝ վաղ թե ուշ Ուկրաինայում իշխանությունն արմատապես կփոխվի, և այս առնչությամբ հարց է առաջանում՝ ինչպե՞ս վարվել Ռուսաստանի այս իշխանության հետ:
Մոսկվայի համար շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպիսին կլինի ապագա կառավարության կազմը, և դրանում ով կլինի տոն տվողը: Այս առումով հնարավոր է զարգացումների երկու տարբերակ:
Առաջին տարբերակը պակաս առճակատային է. նոր կաբինետում առանցքային պաշտոնները կզբաղեցնեն մարդիկ, ովքեր հայտնի են անցյալից՝ դեռևս այն ժամանակներից, երբ Ուկրաինան ղեկավարել է Յուշչենկո-Տիմոշենկո տանդեմը: Այդ քաղաքական գործիչներին դժվար է անվանել Ռուսաստանի բարեկամներ, սակայն նրանք գոնե կանխատեսելի են, համակարգված և պրագմատիկ: Նրանք են՝ Արսենի Յացենյուկը, պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոն և նախկին արտգործնախարար՝ «շոկոլադե թագավոր» Պյոտր Պորոշենկոն: Անձամբ Տիմոշենկոն եթե ոչ այսօր, ապա վաղը ազատ կարձակվի և անխուսափելիորեն կհայտնվի առաջին դերակատարների շարքում: Համեմատաբար չափավոր քաղաքական գործիչների խմբին կարող է միանալ նաև Վիտալի Կլիչկոն: Վիկտոր Յանուկովիչի «դարաշրջանում» նա իշխանական կազմում չի եղել, սակայն ընդհանուր առմամբ համապատասխանում է վերը նշված առաջնորդների հավաքական պատկերին:
Երկրորդ տարերակը հետևյալն է՝ առճակատային ու փակուղային և՛ ռուս-ուկրաինական հարաբերությունների, և՛ անձամբ Ուկրաինայի համար: Այս տարբերակով՝ նոր կառավարությունում առանցքային պաշտոնների մի մասը կստանան «Սվոբոդա» կուսակցության աջ ծայրահեղականները և դեռևս լայն հանրությանն անհայտ «Աջ հատված» (Правый сектор) և այլ արմատական շարժումների առաջնորդները:
Վերջին շաբաթներին տարբեր կայքերում արծարծվում են ապագա կաբինետին առնչվող հնարավոր տարբերակները: Փորձագետների կարծիքով՝ դրանք տեղեկատվական արտահոսքեր են՝ հասարակական կարծիքի արձագանքը ստուգելու նպատակով: Նախագծերից մեկով՝ ներքին գործերի նախարարը կլինի «Սվոբոդայի» առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը, ով հայտնի է իր ռուսաֆոբ և հակասեմական հայտարարություններով: Եվ միանգամից երեք տարբերակներում կրթության նախարարի պաշտոնն առաջարկվել է նույն կուսակցության գաղափարակիր Իրինա Ֆարիոնին, ում վերաբերմունքը Ռուսաստանի և ռուսների հանդեպ հասնում է հիվանդագին ատելության:
Եթե այդ մարդիկ սահմանեն ապագա կառավարության գաղափարախոսությունը, հարաբերությունները Մոսկվայի հետ, մեղմ ասած, կսառեցվեն: Նույն ճակատագրին կարժանանա նաև ռուսական վարկի հիմնական մասը (15 մլրդ դոլարից 12 մլրդ դոլարը), որը Մոսկվան դեռևս չի հասցրել հատկացնել Կիևին՝ տնտեսությունը դեֆոլտից փրկելու համար: Չմոռանանք նաև, որ գազի գնի նվազեցումը խոստացվել է միայն առաջիկա եռամսյակի համար, իսկ հետագայում դա կարող է կասեցվել:
Այնուհանդերձ, իրադարձությունների զարգացման երկրորդ տարբերակը թվում է քիչ հավանական: Ընդդիմության պատասխանատու առաջնորդներն ու նրանց հետևում կանգնած օլիգարխները հիանալի հասկանում են, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ուկրաինական քաղաքականության «բանդերիզացումը»:














































