Իտալիայի գյուղատնտեսության, սննդի հարցերով ու անտառտնտեսության նախարար Նունցիա Դի Ջիրոլամոն հրաժարական է տվել ֆինանսական մեքենայությունների և անձնական նպատակների համար ծառայողական դիրքն օգտագործելու վերաբերյալ մեղադրանքներից հետո: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ես նման որոշում եմ ընդունել իմ արժանապատվության պաշտպանության համար՝ ամենակարևոր բանի, որ ես ունեմ, և որը ցանկանում եմ պահպանել ամեն գնով: Ես հեռանում եմ նախարարի պաշտոնից, հեռանում եմ կառավարությունից, քանի որ իմ արժանապատվությունը վեր է այդ ամենից, ես չեմ կարող այլևս մնալ այն կառավարությունում, որը չի կարող ինձ պաշտպանել»,- ասել է նախարարը:
Հունվարի սկզբին նրան խորհրդարանականները մեղադրել են ֆինանսական խարդախությունների ու լիազորությունների չարաշահման մեջ: Խոսքն այն տարիների մասին է, երբ նա հովանավորել է մի քանի սանիտարական կազմակերպությունների և հավելյալ ֆինանսավորում հատկացրել այն կլինիկային, որտեղ աշխատել են իր հարազատները:










































