ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել է, որ դեկտեմբերի 5-ին Հանրային հեռուստաընկերությամբ բոլոր 11 ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ պլանավորվող մեծ բանավեճին կմասնակցի մի պայմանով, եթե դրան մասնակցելու է նաև վարչապետ Փաշինյանը, այլապես ինքն այնտեղ անելիք չունի: Սա հետաքրքիր հայտարարություն է, ինչը պայմանավորված է մի հետաքրքիր ասպեկտով: Գագիկ Ծառուկյանի այդ հայտարարությունն առաջին հայացքից արտահայտում է, այսպես ասած՝ կալիբրի խնդիրը, և Ծառուկյանը համարում է, որ իր տրամաչափը Նիկոլ Փաշինյանին է հավասարազոր, այլ ոչ մնացյալ ուժերի տրամաչափին: Ի վերջո, ԲՀԿ-ն հավակնում է լինել երկրորդ ուժը և այդ հավակնության շրջանակում կալիբրի այդպիսի շեշտադրումը թվում է տրամաբանական: Իրականում, սակայն, խնդիրն այս դեպքում, թերևս, ամենևին էլ կալիբրը կամ հավակնությունը չէ: Խնդիրն այն է, որ եթե բանավեճին չի մասնակցում Նիկոլ Փաշինյանը, ապա մեծ է հավանականությունը, որ, այսպես ասած, «ծանրության» կամ ուշադրության կենտրոնում է հայտնվում հենց Գագիկ Ծառուկյանը, և մի շարք պատճառներով, մի շարք հանգամանքների ու գործոնների բերումով, այդ թվում և երկրորդ ուժ լինելու հավակնության, ու նաև նախորդ համակարգում երկրորդ ուժի կարգավիճակի: Իսկ այդ ծանրությունը կրելը Ծառուկյանի համար կլինի բավականին բարդ, որովհետև դա արդեն նախընտրական հանդիպումների այն շրջանակն ու ձևաչափը չէ, երբ Ծառուկյանը կարող է ներդրումներ խոստանալ, շեյխերի մասին ակնարկել ու հեռանալ:
Բանավեճը շրջանակ է, որտեղ այդ ամենը չի աշխատելու, հնչելու են հարցեր, արվելու են հարցադրումներ, հիշեցումներ և այլն: Այդ դեպքում բանավեճը կարող է լինել ուղղակի Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ տապալումը: Իսկ եթե մասնակցում է Նիկոլ Փաշինյանը, ապա «ծանրության» և ուշադրության կենտրոնում նա է, մեծ հավանականությամբ բանավեճում կգերակայի, այսպես ասած՝ Փաշինյան-Վիգեն Սարգսյան գիծը, այն կկլանի հիմնական ուշադրությունն ու էներգետիկան, ինչպես քարոզարշավի ընթացքում, ու Գագիկ Ծառուկյանն այդ իմաստով հնարավորություն կունենա իհարկե ոչ ամբողջապես, բայց զգալիորեն պատսպարվել բանավեճից՝ այդ գծի հետևում, Փաշինյանի վրա կենտրոնանալիք ուշադրության հետևում և անցկացնել բանավեճի փորձությունը: Այստեղ է բուն պատճառը, որ Ծառուկյանը բանավեճին իր մասնակցությունը պայմանավորում է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Մյուս կողմից այստեղ ուշագրավ է, թե բանավեճին ինչ մարտավարություն կորդեգրեն մյուս կուսակցությունները և արդյո՞ք նրանք կկարողանան այլընտրանքային գիծ առաջարկել բանավեճին և դնել քաղաքական համակարգին առնչվող խնդիրներ՝ որպես ռազմավարական հեռանկարի հարց: Ինչ կանի Գագիկ Ծառուկյանն այդ դեպքում, երբ դրվեն քաղաքականության մեջ խոշոր կապիտալի մասնակցության բացառմանն առնչվող անմիջական խնդիրներ ու հարցադրումներ, մատնացույց անելով նաև այդ ամենի արատավոր էֆեկտը նախկին համակարգի օրինակով:









































