Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները նախօրեին ՍԴ կայացրած որոշումը` օրենքի կիրառումը ժամանակավորապես կասեցնելու մասին, հաղթանակ չեն համարում, հանրությանն էլ կոչ են անում զգոնությունը չկորցնել:
Շարժման ակտիվիստ, քաղաքագետ Դավիթ Մանուկյանը հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ՍԴ որոշումը լրատվամիջոցներում երբեմն սխալ է մեկնաբանվում: «Հաճախ նշվում է, որ կասեցրեց օրենքի պարտադիր բաղադրիչը, իրականում այդ բաղադրիչն ապահովող բոլոր հոդվածները չէ, որ կասեցվել են. գործատուները կամ հարկային գործակալները, ովքեր չկատարեն համապատասխան վճարումները, տուգանքների և տույժերի չեն ենթարկվում, մինչ այժմ ֆոնդեր չընտրած որևէ մեկի փոխարեն հիմա ֆոնդ չի ընտրվի: Սա դեռ հաղթանակ չէ, հաղթանակի տանող ճանապարհի մեջտեղում ենք դեռ, ուստի զգոնությունը չպետք է կորցնել»,- ասաց նա:
Ակտիվիստ, հաշվապահ Մանե Թանդիլյանը նշեց, որ ՍԴ-ն դեռ երկար քննություն պիտի տանի, այն պետք է սկսվի մարտի 28-ին, սակայն այժմ դատարանը փորձել է կասեցնել այնպիսի դրույթներ, որ հետագայում վերականգնել չի լինի: «Օրենքն ինքնին անկատար է և անգամ կառույցները, որոնք նախաձեռնել են, իրենք էլ պատրաստ չեն կիրառելու այն, կարծում եմ` մեր այս դիտարկումը ՍԴ-ն ընդունել է»,- ասաց նա:
Նախաձեռնության անդամ, ծրագրավորող Գևորգ Գորգիսյանն էլ նշեց` 25-ը, որին իրենք սպասում էին, ընդամենը ընթացիկ մի կետ էր, այն իրենց համար նպատակ չէր, նպատակն օրենքի պարտադիր բաղադրիչի հակասահմանադրական ճանաչելն է, ուստի պայքարն ավարտված չեն համարում:
«Սա մեր հաղթանակներից մեկի սկիզբն էր: Հետագա քայլերից կառանձնացնեմ մեծ թվով մարդկանց ընդգրկվածությունը, աշխատանքը մարզերի հետ, ուսանողների ներգրավումը. որևէ ուսանող չպիտի մտածի, որ այս օրենքն իրեն դեռ չի վերաբերում»,- ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում:









































