«Առաջին անգամն է, որ քաղաքական կուսակցությունների միջև ընտրապայքարը մղվում է երկրորդ տեղի համար»,- «Առաջին լրատվական» -ի հետ զրույցում, անդրադառնալով այս դիտարկմանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշեց. «Նախկինում էլ էր այդպես, բայց այն ժամանակ գումարը կամ համակարգն է որոշել, որ այդպես լինի, հիմա ժողովուրդն է որոշել»:
«Վեց ամիս է ապրում ենք հատուկ հեղափոխական իրավիճակում, և բնական է, որ հեղափոխություն իրականացրած ուժն ունի անառարկելի հեղինակություն: Բոլորը հասկանում են, որ առաջին տեղի համար մրցակցություն չի կարող լինել: Եթե ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը հայտարարեն, որ առաջին տեղի հավակնորդ են, կհայտնվեն ծիծաղելի իրավիճակում»,- նշեց «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը:
ԱԻՄ նախագահության անդամ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը կարծիք հայտնեց, որ առաջիկա ընտրությունները կարող ենք համարել թափանցիկ, առանց կեղծիքների, բայց արդար կոչել չենք կարող. «Որովհետև նախապես լցոնումներ են կատարվել մարդկանց ուղեղների մեջ՝ սև ու սպիտակի բանաձևն է տրված մարդկանց, այսինքն՝ միայն թե նախկինները չվերադառնան»:
Գ. Սարուխանյանի դիտարկմամբ՝ նախ պետք է հեղափոխության հռչակագիր կազմվեր՝ հրապարակվեր՝ ինչի դեմ ենք ընդվզում, ինչն ենք բացառում և մերժում և ուր ենք գնում: «Պետք է ոչ թե մերժել Սերժին, այլ մերժել նրա գործերը, եթե նրա գրած Սահմանադրությամբ գնում ես ընտրությունների, ուրեմն օրինականացնում ես այդ Սահմանադրությունը: Այս 6 ամսվա ընթացքում պետք է փոխվեր Սահմանադրությունը»:
«Թալանն իրականացնողներից ոչ մեկը չի դատվելու. ո՛չ Լ. Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռ. Քոչարյանը, ո՛չ էլ Ս. Սարգսյանը չեն դատվելու, քննություն չի լինելու: Բեմականացված քաղաքական մատնոց ֆռռացնողներ են: Սա բեմականացում է բարիկադ քանդողի կողմից… Ուրանալու ճանապարհով քաղաքականություն կառուցողները դատապարտված են»,- ընդգծեց Գ. Սարուխանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:









































