Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով նախաքննությունն այսօր ավարտվել է: Այս տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը` հավելելով, սակայն, որ առայժմ տեղյակ չէ գործի նյութերից:
«Գործի նյութերին առաջինը ծանոթանալու իրավունք ունի տուժող կողմը, մեզ նյութերը կուղարկվեն ավելի ուշ»,- նշել է փաստաբանը` հույս հայտնելով, որ հունվարի 29-ին արդեն նախաքննական մարմնից կստացվեն բոլոր նյութերը:
Հիշեցնենք` Վ.Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան հոկտեմբերի 20-ին` 22:10-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ճանապարհին բախվել էր նույն ուղղությամբ ընթացող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային: Ավտոմեքենայի վարորդը և 6 ուղևորները ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանցից երկուսը` հորեղբոր որդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:
Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը: Նոյեմբերի 9-ից ի վեր դերասանը կալանավորված է: Ավտովթարից հետո ծանր վնասվածքներ ստացած դերասանն այժմ էլ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում







































