Երեկ լրատվամիջոցները բարձրաձայնեցին, որ հայաստանյան մի շարք բանկեր իրենց այն հայ հաճախորդներին, որոնք ունեն նաև Իրանի քաղաքացիություն, ամերիկյան պատժամիջոցներով պայմանավորված՝ նախազգուշացրել են փակել իրենց բանկային հաշիվները, հակառակ դեպքում դրանք կսառեցվեն:
Իրանահայերը իրենք էին բարձրաձայնել, որ ԱՄՆ նոր պատժամիջոցներով պայմանավորված՝ բանկերը զանգահարել և զգուշացրել են իրենց, որ գան և սառեցնեն իրենց հաշիվները, այլապես դա կարվի բանկի կողմից։
ՀՀ և ԻԻՀ քաղաքացի Արգին Ղարախանյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցել էր, որ նման զգուշացում եղել է ոչ միայն Հայաստանում գործող իրանական «Մելաթբանկի», այլև ՀՀ մի շարք այլ բանկերի կողմից։ Իրանահայերը զարմացած էին, որ իրենց նկատմամբ նման սահմանափակում է կիրառվում, քանի որ իրենք նաև ՀՀ քաղաքացի են, և Հայաստանը, անկախ ԱՄՆ-Իրան հարաբերություններից, պետք է պաշտպանի իր քաղաքացիներին։
Խնդրի բարձրաձայնումից հետո, սակայն, խնդիրը լուծվել է։ Արգին Ղարախանյանն այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առավոտյան իրեն «Արդշինբանկ»-ից զանգահարել և ներողություն են խնդրել կատարվածի համար՝ պատճառաբանելով, որ կատարվածը թյուրիմացություն է եղել, աշխատակցի չիմացության արդյունք, և բանկը անմիջապես վերականգնել է իր սառեցված հաշիվը։
Արգինը փոխանցեց, որ իր ընկերները ևս այսօր կարողացել են տարբեր բանկերի միջոցով փոխանցումներ կատարել։
Ի դեպ, մեր խմբագրություն էր զանգահարել նաև Հայաստանում գործող իրանական «Մելաթբանկ»-ի իրավաբանական վարչության պետ Վարդան Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ «Մելաթբանկը» աշխատում է իր բնականոն հունով և իր հաճախորդներից ոչ մեկին զգուշացում չի ուղարկել հաշվեհամարները սառեցնելու մասին: «Պատժամիջոցները մեզ վրա չեն ազդել։ Բանկի բնականոն գործունեությունը շարունակվում է, որևէ զգուշացում հաճախորդներից որևէ մեկին չի արվել, որևէ մեկի հաշվեհամարը չի սառեցվել»,- ասաց Վարդան Հարությունյանը։









































