Երեկ, ուշ երեկոյան, մամուլում հրապարակումներ եղան, համաձայն որոնց՝ Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կողմը կրակ է բացել: Հրապարակումների համաձայն՝ իրավիճակն այնքան լարված է եղել, որ մարդկանց տարհանել են իրենց տներից:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ներքին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Մանվել Կամենդատյանն ասաց, որ կրակոցներ միայն երեկ գիշերը չեն եղել, 15-20 տարի է՝ այդ վիճակն է. «Հակահարված ստանում են, ժողովուրդն էլ դիմանում է, ապրում են, մարդկային զոհեր չկան: Իրավիճակը հիմա հանդարտ է»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե մարդկանց տարհանում են. «Ով նման բան է գրել, թող պատասխան տա: Մեզ մոտ նման բան չկա, այսօր դպրոցն ու մանկապարտեզը գործում են: Այդքան լավն են՝ թող այսօր առավոտյան ժամը 9-ին գային և նկարեին դպրոցն ու մանկապարտեզը ու մեր մասին վատ բաներ չգրեին»:
Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ գյուղում իրավիճակը հանդարտ է. «Տարհանում կամ խուճապ չկա, ո՞վ է այդ հիմարությունները հրապարակել: Կրակոցներե եղել են, միշտ են եղել՝ բա սահմանի վրա ուրիշ ի՞նչ է լինում: Կրակոցներ եղել են երեկ երեկոյան ժամը 21.00-22.00-ն ընկած ժամանակահատվածում՝ ինտենսիվ կրակոցներ, մեր կողմն էլ մի քանի պատասխան է տվել, ու այդ ապուշները լռել են: Եթե վիճակը հանգիստ չլիներ, բա դպրոց, մանկապարտեզ կգործե՞ր»
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով հրապարակումներին, ասաց. «Ճիշտ է, կրակոցներ եղել են, բայց մեր գյուղում խուճապ ընդհանրապես չկա, նույնիսկ 90-ական թվականներին գյուղում խուճապ չի եղել. այդպիսի բան չկա: Կրակոցներ հիմա չկան, երեխաները հաճախում են դպրոց, մանկապարտեզ, ամեն մեկն իր առօրյա կյանքով ապրում է: Չգիտեմ՝ այդ ով ինչ տեղեկություն է հրապարակել, ի՞նչ իմանաս՝ թշնամի չի՞ այդ տեղեկություն հրապարակողը, ես չգիտեմ՝ ով է այդ նյութը գրել:
Այգեպարի մեր ժողովուրդը հերոս ժողովուրդ է, այստեղ է ծնվել, այստեղ մեծացել, ադրբեջանցին կամ թուրքն ո՞վ է, որ դրանցից վախենան՝ մանուկից մինչև մեծ հերոս ժողովուրդ են: Թող իրենք վախենան: Մեր տղաները մեկին 10 պատասխանել են, մենք էլ դրանով ուրախանում ենք, մեզ դա հույս ու հավատ է ներշնչում»:









































