Գիշերվա ընթացքում Կիևում ավելի քան 50 մարդ է առևանգվել: Ականատեսների վկայությամբ՝ նրանց դաժանորեն ծեծել են և տարել անհայտ ուղղությամբ՝ հայտնում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունն իր կայքում: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
«Կիևում վերջին ժամերի իրադարձությունները վկայում են ծայրահեղական տրամադրություններով խմբավորումների և այլ միավորումերի ներկայացուցիչների կողմից իրավապահների ու խաղաղ բնակիչների հանդեպ ագրեսիայի ուժեղացման մասին: Այսպիսով՝ գիշերվա ընթացքում Կիևի Շերբակովա, Սպասկայա, Օբսերվատորնայա, Ստառովոկզալնայա և Բոգդանովսկայա փողոցների հանրակացարաններում անծանոթներն իրականացրել են զանգվածային ջարդեր, կոտրել դռներն ու պատուհանները և առևանգել մարդկանց»,- ասվում է հաղորդագրությունում:
Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ ծայրահեղական խմբավորումերի անդամները շրջում են քաղաքի փողոցներով, զինվել են մահակներով ու մետաղական ձողերով, մարմնական վնասվածքներ են հասցնում խաղաղ բնակչներին, ավտոմեքենաներ հրդեհում: Նշվում է, որ Կիև-Ժիտոմիր ավտոմայրուղում գիշերը հրդեհվել են վարորդների ջերմության համար նախատեսված մի քանի վրանները:
Ընդդիմությունն իր հերթին հայտարարել է, որ գիշերը ակտիվիստերը ցրել են «տիտուշկաների» (հատուկ վարժեցված սադրիչներ) մի քանի բազաներ: Տեղի բնակիչներն ակտիվիստերին պատմել են, որ «տիտուշկաներն» ահաբեկել են իրենց, կոտրել ցանկապատերը, իսկ գույքը չվնասելու կոչերին ագրեսիվ պատասխանել:







































