Իրանահայ ներդրող Սերժիկ Մոսեսյանին պատկանող «Ալիշան» ընկերությունը և «ՀայՌուսգազարդը» այդպես էլ ընդհանուր լեզու չեն գտնում: Այս անգամ պահածոների արտադրությամբ զբաղվող ընկերությունը դժգոհում է, որ «ՀայՌուսգազարդը» իր սպառած գազի ծավալների դիմաց ավելի շատ գումար է գանձել, քան անհրաժեշտ էր: Մասնավորապես, դեկտեմբեր ամսվա համար իրենք ստացել են 1 միլիոն 906 հազար դրամի ստացական: Մոսեսյանի խոսքով՝ այդ գումարը չափազանցված է, ինչպես նաև հայտնի չէ, թե այդ գումարը ինչպես է կուտակվել, ինչ գործակցով է չափվել գազը, ինչ հաշվարկների արդյունքում:
«Ալիշան» ՍՊԸ-ի տնօրենի և նույն ընկերության գազի մասնագետի խոսքով՝ իրենց հաշվարկները ցույց են տվել, որ գազամատակարարման դիմաց 11-12 տոկոս, մոտ 200 հազար դրամից ավելի գումար է «ՀայՌուսգազարդը» փորձում գանձել իրենցից, քանի որ բոլորովին այլ գործակցով է հաշվարկել իրենց սպառած գազը:
«ՀայՌուսգազարդը» չի հարգում ՀՀ-ի ոչ մի օրենք: Ուզում են ցույց տալ, որ իրենք օրենքից վեր են, բայց չարաչար սխալվում են: Ես ասում եմ՝ եկեք պարզաբանենք, թե այդ գումարը ինչպե՞ս եք ստացել, բայց ոչ մի արձագանք: Ես պատրաստ եմ, չեմ հրաժարվում իմ սպառած գազի դիմաց վճարել, բայց ես պատրաստ չեմ ավելորդ գումարներ վճարել: Սեզոնին 7-8 միլիոնի գազ եմ վառում ես, ու եթե այդպես 11-12 տոկոս ավել հաշվարկեն, ապա ստացվում է, որ 1 միլիոն հենց այնպես, ավել եմ վճարում: Բայց ես տնտեսապես այդքան էլ լավ վիճակում չեմ, որ ավելորդ գումարներ տամ դրանց»,-ասաց իրանահայ գործարարը:
Նա «ՀայՌուսգազարդի» կողմից կոնկրետ իր ընկերության դեմ հատուկ վերաբերմունք չի տեսնում: Վստահ է, որ բոլոր ընկերություններում էլ գազն ավել է հաշվարկվում: «Բոլորի մոտ էլ 20-30 տոկոսով ավել է հաշվարկվում: Իսկ «Ալիշանում» ավելի շատ են հաշվում, քանի որ ես դրսեցի եմ»,- ասաց Մոսեսյանը:
Նշենք, որ «ՀայՌուսգազարդից» հրաժարվել էին մասնակցել քննարկմանը՝ նշելով, որ իրենք պատրաստ են կրկին հանդիպելու ընկերության ներկայացուցիչների հետ և քննարկելու հարցը, սակայն մասնագիտական շրջանակներում:
Մոսեսյանի խոսքով, սակայն, եթե «ՀայՌուսգազարդը» ընդառաջ չգնա իրենց և հաշվի չնստի իրենց հաշվարկների հետ, ապա կդիմեն դատարան:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին ընկերությունը կրկին տարաձայնություններ ուներ «ՀայՌուսգազարդի» հետ: Ըստ Մոսեսյանի՝ «ՀայՌուսգազարդի» չկանոնակարգված գործառույթների հետևանքով «Ալիշան» պահածոների ընկերությունը հայտնվել է լուրջ խնդիրների առաջ: Մասնավորապես, գազամատակարար ընկերության կողմից «Ալիշանում» իրականացվել էին տեխնիկական անվտանգության նորմերին հակասող գործողություններ, ինչը հանգեցրել էր գազի ծախսի ծավալների չհիմնավորված հաշվարկի, և ընկերությունում առաջացել էր պայթյունավտանգ իրավիճակ:









































