Մարդու իրավունքների հայտնի թուրք պաշտպան Ռակըպ Զարաքօլուն երկու տարի պետք է ապրի Շվեդիայում՝ «Ապաստանողների միջազգային քաղաքներ» (International cities of refuge Network) կազմակերպության հրավերով: «Ֆըրաթ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Զարաքօլուն հրավերը ստացել է գրողների միջազգային «Փեն» ակումբի միջոցով: Նա պետք է բնակվի Սիկտունա քաղաքում: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական «Յառաջ» պարբերականը:
Նշանավոր հանրային գործիչ ու «Պելկե» հրատարակչության հիմնադիր Ռակըպ Զարաքօլուին թուրքական ոստիկանությունը ձերբակալել էր 2011-ին՝ ահաբեկչության դեմ պայքարի օպերացիայի շրջանակներում: Նա մեղադրվում էր քրդական ապօրինի կազմակերպություններին աջակցելու մեջ: Յոթամսյա ազատազրկումից հետո նա ազատ էր արձակվել:
Ռակըպ Զարաքօլուն հայտնի է ցեղասպանություններին նվիրված իր հետազոտություններով, ինչպես նաև Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված իր գործունեությամբ:
Վերջին անգամ նա Երևան էր այցելել 2013թ. դեկտեմբերի 10-ին՝ մասնակցելու Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. ականատեսների վկայությունները» գրքի թուրքերեն հրատարակության շնորհանդեսին: