Երեկ Եվրամիությունը մասամբ թուլացրել է մեր հարևան Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, որ կիրառվում էին իրանական միջուկային խնդրի կապակցությամբ: Եվրամիությունը պատժամիջոցների թուլացման գնացել է այն բանից հետո, երբ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հավաստել են, որ Իրանը սկսել է կատարել Արևմուտքի հետ Ժնևում ձեռք բերած պայմանավորվածությունները` կապված միջուկային օբյեկտների վերահսկման հետ:
Այսպիսով, սա կարելի է ասել իրանյան միջազգային խնդրում տեղի ունեցած բեկումնային գործընթացի գործնական մեկնարկ է, որը լիովին նոր իրավիճակ և իրականություն է առաջ բերում կովկասյան տարածաշրջանում: Իրանի դերակատարությունը կարող է կտրուկ մեծանալ, քանի որ Եվրամիության և Արևմուտքի հետ հարաբերություններում տեղի ունեցած բեկումն, ըստ էության, Թեհրանի համար առավել ինքնավստահ տարածաշրջանային քաղաքականության հնարավորություններ է ընձեռելու:
Այս հանգամանքն, իհարկե, միանշանակ նպաստավոր է Հայաստանի համար, քանի որ ինքնավստահ Թեհրանը հանդիսանալու է թուրք-ադրբեջանական տարածաշրջանային հավակնությունները զսպող գործոն` նկատի ունենալով այն, որ նմանօրինակ մեկ այլ դերակատարումով ընկալվող Ռուսաստանի Դաշնությունն իրականում փորձում է սեփական շահերից բխող խաղ խաղալ թուրք-ադրբեջանական գործոնի հետ: Իսկ այդ խաղերն ակնհայտորեն հակասում են Հայաստանի շահերին, առավել ևս, որ պատմական նախադեպերը վկայում են նման խաղերի Հայաստանի համար ողբերգական ելքով ավարտի մասին:
Թուրք-ադրբեջանական գործոնը զսպելու հարցում Հայաստանի համար ոչինչ է նաև Վրաստանը, որը հանդիսանում է զույգին սպասարկող օղակներից մեկը տարածաշրջանում, և, ըստ էության, նոր իշխանություններն էլ կարծեք թե չեն հրաժարվել նման ռազմավարությունից: Վրաստանի նոր նախագահը նախօրեին այցելել է Թուրքիա, ինչը արդեն իսկ բավական ակնառու ժեստ է Թբիլիսիի տարածաշրջանային քաղաքականության տեսանկյունից, հատկապես եթե նկատի առնենք, որ նոր նախագահի համար Թուրքիան տարածաշրջանային հարևաններից առաջինն է և ընդհանրապես կարծես թե առաջին պետությունն է, ուր այցելում է Վրաստանի նոր նախագահը երկկողմ այցով:
Այս իրավիճակում Իրանի շուրջ լարվածության թուլացումը, ըստ էության, նշանակում է Հայաստանի համար կարևոր դաշնակցի ու գործընկերոջ ձեռքերի ազատում կապանքներից, կամ թուլացում այդ կապանքների: Եվ սա տեղի է ունենում ոչ թե ինքնըստինքյան, այլ Արևմուտքի նախաձեռնությամբ նաև: Իսկ դա նշանակում է, որ տարածաշրջանում Իրանի դերակատարության աճը, ըստ էության, միջազգային գործընթացի մաս է, և ամենայն հավանականությամբ կլինեն դրա հետագա ծավալման հետ կապված մշակված սցենարներ:
Այս ամենում, չնայած Հայաստանի շուրջ առկա զարգացումներում այս` ըստ էության եզակի դրական միտումին, ամենամտահոգիչ խնդիրը շարունակում է մնալ այն, որ Հայաստանն, ըստ էության, իրեն դուրս է դրել միջազգային սցենարների մեջ ներգրավվելու հնարավորություններից և լիովին հանձնել իրավունքները Ռուսաստանի «սցենարական դպրոցին»: Իսկ այստեղ, ինչպես արդեն վերը նշեցինք, լիովին այլ սյուժե և դերասանական կազմ է հավաքվել:









































