Հասարակական հարցումների տվյալներով՝ Վրաստանի ընտրողների շուրջ կեսը դեռ չի կողմնորոշվել, թե որ կուսակցությանն է նախապատվությունը տալիս, իսկ փորձագետները նշում են, որ հիմնական ընդդիմադիր ուժը պետք է լուրջ ջանքեր գործադրի քվեարկողների ձայների մի մասը ստանալու համար:
Գալիք տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունները վճռորոշ են լինելու երկրի հետագա քաղաքական դիրքորոշման առումով, սակայն ընդդիմադիր կուսակցությունները դեռ պետք է կարողանան լուրջ պայքարի մեջ մտնել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հզոր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» հետ:
Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ հարցվողների միայն 33 տոկոսն է հավանություն տալիս իշխող «Միացյալ ազգային շարժմանը»: Ընդդիմադիր «Քրիստոնեադեմոկրատական» կուսակցությանը համակրում է հարցվողների 10 տոկոսը, այլ ընդդիմադիր կուսակցություններին բաժին են ընկել հարցվողների ձայների ևս 10 տոկոսը, մինչդեռ ընտրազանգվածի կեսը դեռևս վստահ չէ, թե ում է ձայն տալու:
Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր Յագո Կաճկաճիշվիլին կարծում է, որ դեռևս չկողմնորոշված ընտրողների մեծամասնությունը բացասաբար են վերաբերում Սաակաշվիլիի վարչակարգին: Միևնույն ժամանակ, նրանք ակտիվորեն չեն աջակցում ընդդիմադիր երկու հիմնական ուժերին՝ ներկայում կառավարության հետ բանակցություններ վարող ութ կուսակցություններին և այսպես կոչված «ծայրահեղ ընդդիմությանը», որը 2007-ից ի վեր փորձում է փողոցային բողոքի ցույցերի միջոցով ստիպել Սաակաշվիլիին հրաժարական տալ: Վերջին նման բողոքի ակցիան տեղի է ունեցել այս տարվա մայիսի 26-ին։
«Այս մարդիկ ոչ ոքի կողմնակիցներն էլ չեն հանդիսանում: Նրանք չեն մասնակցել մայիսի 26-ին տեղի ունեցած բողոքի ցույցին: Այս անտեսված ընտրազանգվածը խիստ մեծ է: Երբ ծայրահեղ ընդդիմությունը զրկվեց այս ընտրողներից, ընդդիմության մյուս թևը հնարավորություն ուներ գրավել նրանց իր կողմը: Սա իսկական որսատեղի է ընդդիմության համար. ութ կուսակցությունները պետք է պայքարեն այս ընտրողների ձայների համար»,- ասում է Կաճկաճիշվիլին:
Մայիսի բողոքի ցույցը ձախողվեց, երբ ոստիկանության միջամտությամբ ցուցարարները ցրվեցին, այնուհետև այլ բողոքի ակցիաներ չսկսվեցին՝ հուշելով, որ ընդդիմադիր շարժումը սկսում է մարել (տե´ս «Վրաստանում ճնշել են ընդդիմության բողոքի ցույցը» հոդվածը):
Միևնույն ժամանակ, չափավոր ընդդիմություն համարվող 8 կուսակցությունները, ներառյալ Քրիստոնեադեմոկրատները, հիմնականում ընտրական համակարգում փոփոխությունների խնդրի վերաբերյալ բանակցություններ են վարում իշխանությունների հետ: Ընդդիմության ներկայացուցիչները ցանկանում են, որպեսզի խորհրդարանական ընտրությունների ժամանակ գործի համամասնական ներկայացուցչության համակարգը, մինչդեռ ներկայում համամասնական սկզբունքով ընտրվում է միայն պատգամավորների կեսը (տե´ս «Վրաստան. ընտրական օրենսդրության բարեփոխումները՝հարցականի տակ» հոդվածը):
Իշխանությունները, իրենց հերթին, կարծես դժկամությամբ են զիջումների գնում, և բանակցություններում առ այսօր չնչին առաջընթաց է արձանագրվել: Բանակցությունների ձախողման կամ ձգձգումների հետևանքով՝ ընդդիմադիր կուսակցությունների դիրքերը կարող են խարխլվել, ինչը թույլ կտա ընդդիմության ծայրահեղական թևին վերականգնել սեփական դիրքերը նրանց հաշվին:
Չնայած այս սպառնալիքի առկայությանը, Կաճկաճիշվիլին կարծում է, որ 8 ընդդիմադիր կուսակցությունները պետք է շարունակեն պայքարել ընտրական համակարգի բարեփոխումների համար՝ չշեղվելով այլ նպատակների վրա:
«Կարծում եմ՝ ամենաիրատեսական նպատակը, որին կարող է հասնել ընդդիմությունը, ընտրական համակարգի փոփոխություններն են, որոնք թույլ կտան նրանց ավելի լավ ներկայացված լինել խորհրդարանում, հետևաբար՝ նաև կառավարությունում: Դժբախտաբար, այս 8 կուսակցությունները սա հաշվի չեն առել, և նրանց վերջնական նպատակը շարունակում է մնալ իշխանափոխությունը, ինչը դժվար թե շահավետ լինի նրանց համար», – ասում է նա:
Ընդդիմադիր կուսակցությունները փորձում են ստանալ ընտրազանգվածի ավելի լայն հատվածի աջակցությունը՝ ներգրավելով մարդկանց ընտրական համակարգի բարեփոխումների քարոզարշավում:
«Յուրաքանչյուր քաղաքացուն ներգրավելով այս գործընթացում՝ մենք պետք է ապացուցենք, որ ընտրական համակարգի բարեփոխումների համար անհրաժեշտ ուժը ոչ թե 8 կուսակցություններն են, այլ վրաց ժողովրդի մեծամասնությունը», – հունիսի 7-ին հայտարարել էր «Հանրապետական» կուսակցության ղեկավար Դավիթ Ուսուփաշվիլին քաղաքացիական հասարակության խմբերի հետ հանդիպման ժամանակ:
Քարոզարշավի շրջանակներում ընդդիմադիր կուսակցությունները պատրաստվում են փողոցային բողոքի ցույցեր անցկացնել՝ ընտրական համակարգի բարեփոխումներին հասնելու նպատակով:
«Հասարակության հետ միասին մենք բոլորին կապացուցենք, որ արժե 2-3 ժամով փողոց դուրս գալ որոշակի նպատակի իրականացման համար», – նշվում է 8 ընդդիմադիր կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ:
«Քաղաքականությունը պետք է իրականացվի ոչ միայն քաղաքական գործիչների, այլ նաև ժողովրդի կողմից: Սա բազում խոչընդոտներով լի, դժվար գործընթաց է լինելու, բայց ես համոզված եմ, որ վերջիվերջո միասնական հասարակությունը կհաղթի «Միացյալ ազգային շարժմանը»», – ասում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան:
Վրաստանի կրթության նախկին նախարար, պրոֆեսոր Գիա Նոդիան այն կարծիքին է, որ հասարակության շրջանում հետաքրքրություն առաջացնելու համար ընդդիմադիր կուսակցությունները պետք է ընտրական համակարգի բարեփոխումներից բացի նաև այլ խնդիրներ բարձրացնեն:
«Ընտրական համակարգի խնդիրը հետաքրքրություն է ներկայացնում քաղաքական օղակների համար, քանի որ նրանք շահագրգռված են խորհրդարանում իրենց ներկայացուցիչների հնարավոր թիվը հստակեցնելու առումով: Սակայն հասարակ քաղաքացիների համար ամենահետաքրքրականը դա չէ: Նրանց համար ավելի կարևոր է այն, թե ինչպես է [տվյալ] կուսակցությունը պատրաստվում բարելավել իրենց կյանքի պայմանները», – կարծիք է հայտնել նա:
Նոդիան նշում է, որ ընդդիմության վարած քաղաքականությունը պետք է շատ ավելի հստակ լինի:
«Նրանք պետք է դուրս գան սեփական նեղ շրջանակներից, որտեղ ընտրական համակարգը համարվում է Վրաստանի միակ խնդիրը: Սա, իհարկե, խնդիր է, սակայն միակը և ամենակարևորը չէ հասարակության համար», – պնդում է Նոդիան:
Սոֆո Բուկիան «Liberali» ամսագրի խմբագիրն է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:








































