ՀՀ գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Նոր տարվա նախաշեմին ձվի դեֆիցիտ չի եղել, պարզապես եղանակային պայմանների պատճառով ձվի առաքումը վաճառքի կետեր ուշացել է:
Նա նշեց, որ դեկտեմբերի 29, 30-ին եղել են ամենացուրտ օրերը, թռչնաֆաբրիկաներում մեքենաների շարժիչները գործի չեն ընկել, պահանջվել է մի քանի ժամ. «Դեկտեմբերի 20-ից հետո ձվի պահանջարկը շատ մեծ էր, մենք շուկան սպասարկել ենք հիմնականում տեղական արտադրանքով, նաև Իրանից և Ուկրաինայից է ձու ներկրվել: Ընդհանուր առմամբ դեկտեմբերի 20-ից վաճառվել է 1.5-2 մլն հատ ձու»,- ասաց նա:
Աշոտ Հովհաննիսյանի խոսքով՝ ապագայում ձվի քանակի անկում չի լինի, մարդիկ կարող են հանգիստ լինել: Ընդհանուր առմամբ 2013-ին արտադրվել է այնքան ձու, որքան 2012-ին, իսկ ձվի ամենամեծ արտադրությունը եղել է 2010 թվականին:
Ինչ վերաբերում է թռչնամսի արտադրությանը, ապա նա նշեց, որ այստեղ խնդիր կա, քանի որ արտադրվում է 8 հազար տոննա թռչնամիս, մինչդեռ հայկական շուկայում սպառվում է 40 հազար տոննա. «Թռչնարտադրությունում թռչնամսի արտադրության մեծ հնարավորություններ կան, հիմնական խնդիրը կապված է կերի հետ»:
Նրա հավաստմամբ՝ երկաթուղու շահագործման դեպքում կարտադրվի ավելի մեծ ծավալներով թռչնամիս:
Այժմ հայկական շուկայում վաճառվում է հիմնականում կանադական, բրազիլական, արգենտինական և ԱՄՆ-ից ներկրված թռչնամիս:











































