ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցի ընթացքում չի քննարկվել որևէ հարց, որը առնչություն ունի այցից հետո հայաստանյան նախկին իշխանական շրջանակներում բարձրացրած մտահոգություններին: Այդ հայտարարությունն արել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանի ամբիոնից ունեցած ելույթում: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, որ Բոլթոնի այցն ու հանդիպման բովանդակությունը համարում է Հայաստանի դիվանագիտական կարևոր ձեռքբերում, ասելով, որ բացատրությանը կանդրադառնա ավելի ուշ՝ թե ինչու է այդպես համարում այցը և քննարկումների բովանդակությունը:
Վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունն ունի կարևոր նշանակություն և այն լոկ պատասխան չէ ընդդիմախոսներին: Այդ հայտարարությունը խորքային առումով առնչվում է հայ-ամերիկյան հարաբերության հեռանկարին և դրա համար կարևոր մի բաղադրիչի՝ հասարակության վերաբերմունքը այդ հարաբերությանն ու հեռանկարին ընդհանրապես: Բանն այն է, որ նախկին իշխող համակարգի և դրան հարող տարաբնույթ շրջանակների, այսպես ասած, ընդդիմախոսության թիրախում իրականում հայտնվել էր ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ հայ-ամերիկյան հարաբերությունը, թեև առերևույթ թվում էր, որ թիրախում է հայտնվել Փաշինյանը: Իրականում, բարձրաձայնելով ամերիկյան կողմից ինչ-ինչ դժգոհությունների, հատկապես արցախյան հարցում հայտնի հայտարարությունների խնդիրը իբրև թե Փաշինյանի քաղաքական ձախողում, ընդդիմախոսները, կամա թե ակամա, հանրության շրջանում տարածում էին բացասական վերաբերմունք և տրամադրվածություն ԱՄՆ հանդեպ՝ համարելով, որ Վաշինգտոնը, օրինակ, Հայաստանի համար կարևոր հարցերում ունի հակահայկական դիրքորոշում, ունի մոտեցումներ, որոնք չեն համադրվում Հայաստանի և Արցախի շահի ու անվտանգության հետ և սպառնալիք են ազգային անվտանգության տեսանկյունից:
Ավելին, այլ կերպ ասած՝ այդ ընդդիմախոսություններից հետո, որոնք զուրկ էին առարկայական և փաստական լուրջ հիմքից, ԱՄՆ Հայաստանի հանրության մտապատկերում ընկալվում էր իբրև բացարձակ լեգիտիմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հակադիր ուժ, դրանից բխող հանրային բացասական վերաբերմունքով: Ահա այս տեսանկյունից հույժ կարևոր է խորհրդարանում Փաշինյանի հայտարարությունը, իր կոնկրետությամբ, հստակությամբ և պատասխանատվությամբ, որը գործնականում նաև այն մասին է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի նոր իշխանության և դրան աջակցող հանրության առաջ ոչ միայն չի դնում որևէ սպառնալից պահանջ կամ չի ներկայացնում որևէ դժգոհություն Հայաստանի համար կարևոր հարցերում, այլ նաև բարձր մակարդակի պաշտոնյայի այցով բավականին արդյունավետ բանակցություն է ունեցել Երևանի հետ ու այդ իմաստով արձանագրվել է Հայաստանի համար դիվանագիտական հաջողություն: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը գործնականում հայ-ամերիկյան հարաբերության հեռանկարը անհիմն և վտանգավոր ընդդիմախոսական մանիպուլյացիայից զերծ պահելու մասին հայտարարություն էր, հարաբերություն, որի քաղաքական, ռազմա-քաղաքական և աշխարհաքաղաքական նշանակությունը ընդհանրապես պատկերացնելը, թերևս, մեղմ ասած, բարդ չէ:










































