Կառավարության որոշմամբ Սևանա լճում իրականացվող իշխանի փրկության ծրագիրը բնապահպաններին մտահոգել է: Բնապահպան Ինգա Զարաֆյանը կարծում է, որ իրականում դա ոչ թե իշխանի փրկությանն է միտված, այլ բիզնես-ծրագիր է:
«Իշխանի տեսակը պահելու տարբեր ձևեր կան: Այսպես` արհեստական ձևով մենք իշխանը չենք պահում, այլ ձկնաբուծությամբ ենք զբաղվում, ինչը տարբեր բան է: Իշխանը պահելու տարբեր ծրագրեր կան, բայց իրենք զուտ բիզնես-ծրագիր են նախընտրում, որի արդյունքում Սևանն աղտոտվում է: Ես և շատերը դեմ ենք այս ծրագրին, քանի որ այն հակասում է հենց Սևանի մասին օրենքին, որտեղ ասվում է` Սևանը մեր ստրատեգիկ առաջնահերթությունն է: Մենք էկոհամակարգը պետք է պահպանենք, ոչ մի տեղ չեք տեսնի, որ էկոհամակարգը այս կերպ պահպանվի, սա պարզապես ձկնաբուծություն է, ուրեմն գնա և այլ տեղում զբաղվի»,- ասաց նա` նշելով, որ Սևանն են ընտրել, քանի որ անվճար տարբերակ է, ոչ մի բան պետք չէ անել. «Եթե դու «բնապահպանական» անուն ես դնում ծրագրին, ապա զբաղվում ես բիզնեսով, ոչ մի գումար չես ծախսում, անվճար օգտագործում ես ջրային մեծ պաշար քո բիզնեսի համար, թե ինչ ես դու այնտեղ աճեցնում՝ նշանակություն չունի»:
Բնապահպանը նշում է, որ իրենք դեմ են այս ծրագրին` արհեստական կերով իշխանի աճեցմանը, քանի որ այն աճեցվում է ոչ թե լճում, բնականորեն, այլ արհեստական կեր է տրվում` արագ աճի համար: Արհեստական կերը, այն է` ազոտն ու ֆոսֆորը, աղտոտիչներ են, որոնք ջրի ճահճացման պատճառ են դառնում:
«Մենք խնդիր ենք դնում, և օրենքն այդ խնդիրների լուծումն է տալիս. քանի որ Սևանն աղտոտվում է, ասում են` պետք է մաքրման կայաններ դրվեն, գետերը մաքրվեն, հիմա դու դնում ես մի խնդիր, բայց մյուս կողմից ասում ես` արհեստական կերով ձկան աճեցումը բնապահպանական է, ոչ՝ դա բիզնես-ծրագիր է: Այս տարի արդեն տեսնում ենք աճեցված ձուկը, որ ոչ մի կապ չունի Սևանի իշխանի հետ: Մենք Սևանն արդեն չենք դիտում որպես ստրատեգիկ օբյեկտ, այլ իբրև լայն օգտագործման բիզնես-օբյեկտ: Տեսնում ենք, որ ախորժակները շատ մեծ են»,- ասաց նա:
Բնապահպան Կարինե Դանիելյանը, սակայն, կարծում է, որ ինքը ծրագիրը վատը չի, և բավական հարուստ միջազգային փորձ կա այդ ուղղությամբ: Ըստ բնապահպանի` կարևորն այն է, որ ակադեմիական ինստիտուտը, որը զբաղվում է Սևանով, գտնում է, որ դա միակ հնարավորությունն է Սևանում ձկնային պաշարները վերականգնելու: «Ուղղակի իմ անհանգստությունը կապված է նրա հետ, որ ծրագրերը գրվում են, բայց հետո իրականացման ընթացքում լրիվ փոխվում են՝ անգամ այնպես, որ լավից դառնում են վատը: Ինձ հենց դա է անհանգստացնում, պիլոտային ծրագիր է իրականացվել, ուսումնասիրել են, գտնում են, որ դա լավ բան է, բայց պիլոտային ծրագիրն այլ է, մասսայական իրականացումն` այլ: Ես այստեղ մի վտանգ եմ տենսում` արդյո՞ք հնարավոր կլինի այնպես վերահսկել, որ ինչ գրված է, այն իրականացվի, ոչ թե լինի այնպես, ինչպես փոքր հէկերի դեպքում էր. ուրախացանք, երբ փոքր հէկերի ծրագիր եղավ, բայց հետո բացասական էֆեկտ ունեցանք, որովհետև ոչ մի նորմ չէր պահպանվում»,- ասաց նա:
Այդուհանդերձ, եթե նորմերը պահպանվեն, այնպես, ինչպես պիլոտային ծրագիրն իրականացվել է, ապա ըստ Դանիելյանի, այս դեպքում պիտի որ նման բաներ չլինեն: Կա նաև վերահսկողությունը ուժեղացնելու խնդիր. այս հարցը բարձրացվել է, խոստացել են, որ հատուկ մոնիթորինգի հանձնաժողով է լինելու, որն էլ հետևելու է, ընդ որում` ով ցանկանա, կարող է մտնել հանձնաժողովի կազմի մեջ: Սևանա լճից նախատեսվածից ավել բացթողումներ կատարելը, սակայն, Դանիելյանի համար ընդունելի չէ. մի սխալով ուրիշ սխալ ուղղելն, ըստ նրա, ճիշտ չէ:
«Նախ` մեզանում տնտեսական մեխանիզմներն այնպիսին են, որ հենց հեռուստատեսությունը, ռադիոն միացնում ես, մարդիկ բողոքում են, որ ջուրը կողքերից անցնում է, իրենք չեն կարող օգտվել, քանի որ ի վիճակի չեն վճարելու: Հիմա ավելորդ ջուր բաց թողնեն, մարդիկ չկարողանան օգտվել, խնդիրը չի լուծվի: Նախ` այդ խնդիրը պիտի կարողանանք լուծել, երկրորդը, իհարկե, ստորգետնյա ջրերի օգտագործման խնդիրն է, որ հիմա վերանայվում է: Հուսամ` այդ խնդիրը կլուծվի»,- ասաց նա:








































