Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում, գնահատելով երեկ Կազանում կայացած եռակողմ հանդիպումը, նշեց, թե արդեն հստակ է, որ որևէ արդյունք չի եղել հենց ադրբեջանական կողմի պատճառով: Սարգսյանը նկատեց, որ Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարություններից արդեն հստակ է, որ հենց իրենք համաձայնություն չեն տվել, քանզի իրենք շեշտում են, որ որևէ փաստաթուղթ չեն ընդունի, որը վնասում է իրենց տարածքային ամբողջականությունը:
Սարգսյանը նշեց, որ դեռևս պարզ չէ, թե ինչ է լինելու Կազանից հետո. «Երևի թե կոնֆլիկտի կողմերն էլ լավ չեն պատկերացնում, ինչպես նաև դեռ չկան միջազգային հանրության գնահատականները: Բնական է, որ բոլոր կողմերը պետք է փորձեն տեսնել, թե ինչ պետք է անել հաջորդիվ»:
ՌԱՀՀԿ ղեկավարը, հիշեցնելով մինչ հանդիպումը համանախագահների այն հայտարարությունը, թե եթե առաջիկայում առաջընթաց չլինի, կարիք կզգացվի նոր հայեցակարգ մշակելու, նշեց, որ այս պարագայում այդ հայտարարությունը ևս կարող է իրականություն դառնալ. «Չնայած ՀՀԿ-ից արդեն հայտարարություն է եղել, որ ֆորմատի և մոտեցման որևէ փոփոխություն ընդունելի չէ: Սա էլ, իհարկե, մի նոր իրավիճակ է ստեղծում»: