Չինացի քաղաքական գործիչները, ում կանայք և երեխաները մշտապես բնակվում են արտերկրում, ստիպված կլինեն մոռանալ ծառայողական կարիերայի մասին: Նրանց դեմ միջոցառումները նախապատրաստել է Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի կազմակերպչական բաժինը: Այդ միջոցառումները կոչված են պայքարելու կոռուպցիայի դեմ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Չինաստանում կուսակցական գործիչներին, ովքեր երկրից դուրս են հանում իրենց ընտանիքն ու կապիտալը, անվանում են «մերկ»: Նրանք մնում են Չինաստանում, բազմապատկում կարողությունը, իսկ ձերբակալման վտանգի դեպքում միանում ընտանիքներին:
Նման ծառայողները կարող են հեշտությամբ ապօրինաբար աշխատած գումարները տեղափոխել արտասահմանյան բանկային հաշիվներ և խուսափել ստուգումներից, իսկ հետագայում լիովին թաքնվել արդարադատությունից:
Պաշտոնական տվյալներով՝ Չինաստանում կոռուպցիայի դեպքերի մոտ 80 տոկոսը կապված է հենց «մերկ» պաշտոնյաների հետ:










































