ԱՄՆ-ում միջուկային հրթիռների թողարկման պատասխանատու ռազմաօդային ուժերի 34 սպաներ հեռացվել են իրենց պաշտոններից՝ որակավորման քննությունների ժամանակ արտագրելու պատճառով: Այս մասին գրում է BBC-ն:
Զինվորականների ներկայացուցչի խոսքերով՝ կրտսեր լեյտենանտից մինչև կապիտանի կոչում ունեցող մի քանի սպաներ միմյանց ուղարկել են SMS-հաղորդագրություններ՝ թեստերի հարցերի պատասխաններով:
Մյուսներն իմացել են խարդախության մասին, սակայն չեն զեկուցել հրամանատարությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Մալմսթրոմ ավիաբազայում, որտեղ Պենտագոնի տեղեկատվությամբ՝ գտնվում են միջուկային մարտագլխիկներով 420 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ:
Ղեկավարությունն արտագրության մասին իմացել է այլ ավիաբազաների անձնակազմի անդամների կողմից թմրանյութեր օգտագործելու դեպքերի հետաքննության ժամանակ:









































