Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օտարերկրյա պետություններում գտնվող Թուրքիայի դեսպաններին կարգադրել է ջանք չխնայել՝ «դաշնակիցներին պատմելու ճշմարտությունն» այն մասին, որ Անկարային ցնցող կաշառակերության հետաքննությունը ոչ այլ ինչ է, եթե որ «նենգ դավադրություն՝ ուղղված Թուրքիայի միջազգային դիրքերը սաբոտաժի ենթարկելուն»: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Թուրքիայում անցյալ տարվա դեկտեմբերի 17-ից անցկացվող կաշառակերության հետաքննության հետևանքով ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի գործարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ ու վերջիններիս բարեկամները: Սկանդալը, որը համարվում է վարչապետ Էրդողանի 11-ամյա կառավարման դեմ ուղղված ամենամեծ մարտահրավերը, ստիպել էր վերջինիս փոփոխություններ իրականացնել իր կառավարության կազմում:
«Ակնկալում ենք, որ դուք ջանք չեք խնայի՝ ջախջախելու համար Թուրքիայի դեմ ուղղված այս նենգ գործողությունները՝ մեր գործընկերներին տեղեկացնելով ճշմարտության մասին»,- երկրի մայրաքաղաք Անկարայում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Էրդողանը:
Վարչապետ Էրդողանի կողմնակիցները կոռուպցիայի հետաքննության հետևում կանգնած լինելու մեջ մեղադրում են ԱՄՆ-ից իր գործունեությունն իրականացնող թուրք հոգևորական, վարչապետ Էրդողանի նախկին դաշնակից Ֆեթուլլահ Գյուլենին, որը մեծ ազդեցություն ունի Թուրքիայի ոստիկանության և դատական շրջաններում:
«Նրանք փորձում են ծանր հարված հասցնել Թուրքիայի տնտեսությանը: Նրանք ջանքեր են գործադրում՝ տոկոսադրույքները բարձրացնելու ուղղությամբ: Նրանք օգտագործում են ցանկացած միջոց՝ միջազգային ներդրողների անհանգստությունն առաջացնելու համար»,- ասել է վարչապետ Էրդողանը:
«Ամենից կարևորն այն է, որ նրանք ջանք չեն խնայում՝ վնաս հասցնելու Թուրքիայի միջազգային համբավին»,- շեշտել է վարչապետ Էրդողանը՝ հանդես գալով Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը:









































