Օդերևութաբանական կանխատեսումների և իրական եղանակի՝ միմյանց չհամապատասխանելը շատ դեպքերում պայմանավորված է բնության անոմալիաներով, որոնք ոչ մի կայանի կողմից չեն կարող 100 տոկոսով կանխատեսվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը՝ անդրադառնալով բողոքներին, որ եղանակային իրենց կանխատեսումները որոշ դեպքերում տրամաբանորեն հակառակն են լինում այնբանից, ինչերևում է պատուհանից այն կողմ:
«Բացի այդ, ոչ բոլոր լրատվամիջոցներն են օգտվում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումներից: Դրանցից շատերը եղանակի տեսությունը վերցնում են ամենատարբեր աղբյուրներից, որտեղից էլ գալիս են հսկայական սխալներն ու տարբերությունները: Մենք այս ամենի համար պատասխանատու չենք:
Մեր կանխատեսումները բավականին վստահելի են՝ 90-95 տոկոս ճշգրտության սահմաններում: Պարզապես վերջին շրջանում Արարատյան դաշտում նկատվող եղանակային անոմալիան սխալ և շփոթություն մտցրեց եղանակային կանխատեսումներում: Բայց սա չի նշանակում, որ մեր բոլոր կանխատեսումները սխալ են: Սա նման է այն բանին, երբ բժիշկը երկու անգամ սխալ ախտորոշում է անում: Բայց դա դեռ չի նշանակում, որ բժշկությունը հիմնովին սխալ գիտություն է»,- ասաց Գագիկ Սուրենյանը՝ հիշեցնելով, որ «կանխատեսում» բառով ամեն ինչ ասված է:
Ամփոփելով՝ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետը հավաստիացրեց, որ իրենց մասնագետները երկար տարիների փորձ ունեն, և չի կարող պատահել, որ կոնկրետ օրվա համար տրամաբանական հակառակ կանխատեսումներ անեն:









































