ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովը կանցկացվի նոր ձևաչափով. երկու օրվա փոխարեն՝ մեկ օրում առաջնորդները կքննարկեն ռազմավարական, այլ ոչ թե ընթացիկ հարցեր: Այս մասին հայտնում է Vedomosti-ն:
Գագաթնաժողովը կկայանա հունվարի 28-ին՝ որոշակիորեն փոփոխված ձևաչափով: Այս մասին հայտնել է Ռուսաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Վիգաուդաս Ուշացկասը: Նրա խոսքով՝ եվրոպացի առաջնորդները նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են կենտրոնանալ ռազմավարական գործընկերության հարցերի քննարկման վրա:
Քննարկման առարկա պետք է դառնան ընդհանուր շահերը, ինչպես նաև վերջին իրադարձությունների լույսի ներքո տարաձայնությունները, տարածաշրջանային տնտեսական ինտեգրման ոլորտում եվրոպական նախաձեռնությունները, ընդհանուր հարևանությունը, առևտրային հարցերն ու պարտավորություններն Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակում, ինչպես նաև այլ միջազգային պարտավորություններ և առանցքային արտաքին քաղաքական խնդիրներ:
Նրա կարծիքով՝ աշխատանքի ձևաչափը փոխելն անհրաժեշտ է, քանի որ նպատակահարմար չէ զրույցը շարունակել սովորական ռեժիմով: Նշենք, որ գագաթնաժողովն անցկացվում է տարեկան երկու անգամ:









































