Եվրոպական հետախուզական ծառայությունները մի քանի ամիսների ընթացքում Բաշար Ասադի ներկայացուցիչների հետ գաղտնի կերպով փոխանակել են տվյալներ Սիրիա ժամանած ծայրահեղականների մասին՝ հայտնում է The Wall Street Journal-ը:
Կապերի նպատակը եղել է տեղեկատվության փոխանակությունն առնվազն 1200 իսլամիստների վերաբերյալ, ովքեր Եվրոպայից ուղևորվել են Սիրիա և միացել զինված ընդդիմությանը: Պարբերականը հղում է անում արևմտյան և մերձավորարևելյան պետությունների պաշտոնական անձանց:
Եվրոպական հատուկ ծառայություններում վաղուց են թաքցնում մտավախությունները, որ այդ մարդիկ կարող են սպառնալիք ներկայացնել իրենց երկրներ վերադառնալու դեպքում:
Ամերիկյան պարբերականն ընդգծում է, որ Ասադի մարդկանց հետ բանակցություններն առաջինն են՝ արևմտյան պետությունների դեսպանների հետկանչից հետո: Ինչպես նշում է պարբերականը, այդ շփումները կենտրոնացած են ծայրահեղականների և Սիրիայում «Ալ-Քաիդայի» աճող հզորության վրա և չեն վկայում դիվանագիտական հարաբերություններում բեկման մասին:









































