«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը:
– Պարոն Միքայելյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս երկու հարցազրույց տվեց, որտեղ շատերն ակնհայտորեն նրա՝ քաղաքականություն վերադարձն են տեսնում: Ի՞նչ կարծիք ունեք նրա հարցազրույցների վերաբերյալ: Սա չի՞ վկայում այն մասին, որ մենք այնքան ենք թուլացել, որ խոցելի քաղաքական գործիչների վերադարձի մասին ենք խոսում:
– Ռոբերտ Քոչարյանի վերադարձի երկու տարբերակ եմ տեսնում: Առաջին տարբերակը հավանական է, երկրորդը՝ քիչ հավանական. կամ իրենց որպես ընդդիմություն ներկայացնող քաղաքական ուժերն են ուզում Ռոբերտ Քոչարյանին բերել նորից քաղաքական դաշտ՝ սրանով թույլ չտալով նաև Հայաստանում նոր ընդդիմություն ձևավորվի. սա մի ներքաղաքական խաղ է, որն իրականացվում է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Տիգրան Սարգսյանի համատեղ համագործակցության արդյունքում, որի նպատակը ժողովրդին թյուրիմացության մեջ գցելն է, թե իբր այլ ելք չունենք: Եվ եթե Ռոբերտ Քոչարյանը ուզում է նորից քաղաքականություն վերադառնալ, դա ամոթ է մեր ազգի համար. հիշենք մարտիմեկյան դեպքերը, որոնք իր օրոք են տեղի ունեցել, և եթե այսօր ժողովուրդը նրան թույլ տա վերադառնալ մեծ քաղաքականություն, դա մեր ազգի ճակատագրական սխալը կլինի: Ես միշտ հակված եմ մտածելու, որ մեր նախագահների եռյակը պետք է թողնի քաղաքական դաշտը, քանի որ մենք ընկել ենք մի շրջապտույտի մեջ, կարծես Բերմուդյան եռանկյունի լինի, որից դուրս չենք կարողանում գալ, քանի որ այս խաղերը խաղում են ռուսական իմպերիայի տակ, ոչ թե ի փառս ժողովրդի, այլ` իրենց պաշտոնի կամ աթոռի: Ես դեմ չեմ, որ մենք մտնենք ՄՄ կամ ԵՄ, բայց ոչ այս կարգավիճակով: Մենք այսպիսով Ռուսաստանի վասալն ենք դառնում և ընթացքում մեծ խնդիրներ կունենանք:
Քոչարյանի քննադատությունը ուղղված է հիմնականում տնտեսությանը, բայց 2003-ին, երբ մեր պետական պահուստը վաճառեցին՝ մի տոննա 396 կգ, Տիգրան Սարգսյանը այդ ժամանակ ԿԲ նախագահն էր, վաճառեցին երեք անգամ էժան: Բացի այդ, չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի համատեղ համաձայնությամբ է Տիգրան Սարգսյանը դարձել վարչապետ: Ընդդիմադիր դաշտում իրենց ընդդիմության տեղը դրած որոշ քաղաքական ուժեր ուզում են Ռոբերտ Քոչարյանին բերել դաշտ, և դա կերևա փետրվարի վերջին: Ես հակված եմ կարծելու, որ սրանք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանը և Տիգրան Սարգսյանի խաղերն են: Մեք գալիս ենք նույն ելակետին, 2008-ին Սերժ Սարգսյանը պետք է դառնար նախագահ, Ռոբերտ Քոչարյանը՝ վարչապետ, բայց մարտմեկյան դեպքերից հետո դա չկայացավ, հիմա միգուցե դրա կյանքի կոչելու ժամանակն է:
– Երբ խոսում եք ընդդիմադիր ուժերի մասին, նկատի ունեք խորհրդարանակա՞ն ընդդիմադիր ուժերը: Ընդհանրապես Հայաստանում ընդդիմություն գոյություն ունի՞, թե՞ ոչ:
– Թե՛ խորհրդարանական ընդդիմությունը, թե՛ դրսում առկա ընդդիմադիր որոշ ուժերը, մոտ երեք ուժ (անվանական չեմ ուզում ասել, հետագայում ամեն ինչ պարզ կլինի) ուզում են Ռոբերտ Քոչարյանի միջոցով գալ քաղաքական դաշտ: Եվ մինչև փետրվարի վերջ կերևա, թե դրանք որ ուժերն են, և քաղաքական գործընթացները կընթանան այդ ժամանակ, հանրահավաքներ կլինեն և այլն:
– Եթե պարզվի, որ սա խաղ չէ, այլ իսկապես ներիշխանական կոնֆլիկտ, արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանին իր ունեցած ամբողջ պատմությամբ կհաջողվի կոնսոլիդացնել հանրությանը, քաղաքական ուժերին, թե՞ հիշողությունները չեն մոռացվում:
– Հիշողությունները ոչ թե չեն մոռացվում, այլ չպետք է մոռացվեն: Մի մոռացեք՝ Ռոբերտ Քոչարյանը տասը տարի եղել է հանրապետության նախագահ և իր ձևավորած թիմն ունի, որն էլ իրեն ուզում է բերել ակտիվ քաղաքականություն: Ես չեմ կարող պատկերացնել, որ նա կարող է դառնալ վարչապետ կամ նախագահ: Գուցե սա Ռուսաստանի հաջորդ խա՞ղն է, որ մեզ պարզ չէ: Ժողովուրդը չի մոռացել Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը…դրանք բոլորը տեղի են ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք:
– Դուք նշեցիք, որ երեք նախագահներն էլ պետք է հեռանան, իսկ հնարավոր այլընտրանք տեսնո՞ւմ եք նույն լիդերների մակարդակում:
– Ժողովուրդը միշտ հարց է հնչեցնում՝ իսկ ի՞նչ թեկնածու ունենք: Մի՞թե հայոց արգանդը չորացել է, և այս երեքն են միայն նախագահի թեկնածուներ: Ես միշտ ասել եմ, այդպիսի թեկնածուները ծնվում են պայքարի արդյունքում: Ինչո՞ւ է մեր ժողովրդին թվում, թե միայն այս երեքը կարող են ՀՀ նախագահ դառնալ: Մեզ ժողովրդի կողմից ընտրված անկախ նախագահ է պետք, որը արտաքին աշխարհում կարող է հանդես գալ որպես լեգիտիմ նախագահ: Դրա համար եմ ասում, որ պետք է վերջ տանք, այս հոգեբանությունից դուրս գանք: Ավելին` ես շատերին եմ տեսնում, որոնք կարող են փոխարինել, մենք ամենակարևորը պետք է ունենանք ընտրված նախագահ:
– Դուք նշեցիք, որ սա, շատ հնարավոր է, Ռուսաստանի սցենարն է, բայց չէ՞ որ նույն Սերժ Սարգսյանը հաճելի թեկնածու է Ռուսաստանի համար:
– Երկրի իրավիճակից ելնելով այս քաղաքական ուժերը ուզում են ցույց տալ Ռուսաստանին, որ մենք ավելի պուպուշ ենք, թող նա գնա, ինչ տարբերություն, կերակրատաշտակին մոտենան նորից իրենք: Բայց մենք տեսել ենք իրեն աշխատած տարիները, և հանրապետությունը այս իրավիճակում է հայտնվել, արտագաղթի նման տեմպեր կան, մի ամբողջ պետություն այդ երեք մարդո՞ւ վրա պետք է հույս դնի, որոնք միշտ էլ ժողովրդին թողել են անհույս:
– Դուք նոր ձևավորվող Քաղաքացիական պայմանագրի նախաձեռնողներից եք, ինչպե՞ս պետք է կարողանաք այս պարագայում խաղացող դառնալ, ձեր ուրույն տեղը գրավել:
– Մենք չենք հավաքվել յոթ հոգով գնացել կուսակցություն հիմնել, և ասում ենք` ժողովուրդ եկեք մեզ օգնեք, մենք ուրիշ կերպ ենք սկսում մեր գործունեությունը, որտեղ ժողովուրդը պետք է գնահատական տա, և ժողովուրդը պետք է որոշի՝ մենք կկարողանա՞նք դառնալ քաղաքական ուժ, թե ոչ, որը նոր քաղաքական մշակույթ է և կարևորագույն հարց ՀՀ-ի համար: Մենք, ի վերջո, պետք է հասկանանք՝ միակ կարևորագույն արժեքը քաղաքակիրթ ընտրություններ իրականացնելն է: Մենք չունենք հանքահումքային ռեսուրսներ, չունենք գազ, նավթ, մենք պետք է կարողանանք մեր քաղաքակիրթ ընտրությամբ աշխարհին ապացուցել, որ քաղաքակիրթ պետություն ենք, և պետք է մեզ հետ հաշվի նստել, այլապես մենք մի քանի աթոռի համար ազգովի պայքարում ենք: Մենք պետք է դուրս գանք շրջապտույտից:
– Պարոն Միքայելյան, ովքե՞ր երկիրը հասցրին այս վիճակին:
– Քաղաքական ուժերը…ես, լինելով քաղաքականության մեջ, նաև ազատամարտիկ եմ եղել, և մենք մեր գործը փայլուն ենք կատարել: Մոտ 15.000 տղա դուրս է եկել ինը միլիոնանոց Ադրբեջանի դեմ և հաղթել ենք, քանի որ այն ժամանակ ոգի կար, հավատ կար, անկախություն, պետություն, պետականության նվաճման խնդիր կար: Եթե մենք ողջ ենք մնացել, դա դեռ չի նշանակում, որ զոհված տղերքը չկան: Ես միշտ ասել եմ՝ մենք նրանց կենդանի ոգիներն ենք, մենք պարտավոր ենք չպղծվելու, մենք պետք է գիտակցենք այս ամենը և քաղաքական ուժերը, որոնք երկիրը այս վիճակին հասցրին, պետք է գիտակցեն և հեռանան, որովհետև հետադարձ ճանապարհ չկա, ինչի ենք հասնում սրանով, ժամ-ժամ երկրի վիճակը վատանում է, և որևէ մեկը չի անհանգստանում սրա համար, ամեն մեկը իր պաշտոնը պահելու խաղն է խաղում, մինչդեռ ժողովուրդը հազար ու մի խնդիր ունի:
– Իշխանությունները չե՞ն գիտակցում, չե՞ն սիրում ժողովրդին, թե՞ քաղաքական կամք չունեն:
– Պարզապես իրենք ուրիշ խաղի մեջ են, և քանի որ իրենք ժողովրդի ձայներով չեն եկել քաղաքական դաշտ, դրսի ուժերով են եկել, դրա համար ուրիշ տարբերակ չունեն, նրանք երեքն էլ Ռուսաստանին են ծառայել:
– Մեղադրեցիք իշխանություններին, իսկ ինչո՞ւ չկայացավ ընդդիմությունը:
– Ընդդիմություն ովքե՞ր են եղել մեր երկրում…նրանք, ովքեր այսօր իշխանության մոտ են, այն մարդիկ, ովքեր խաղացին իշխանության խաղերը, խաբեցին… արդյունքում եղավ այն, ինչ եղավ…ամեն մի հայ իր բաժին բեռը պետք է վերցնի, ամեն մի հայ պետք է հասկանա, որ ժամ առաջ պետք է պրծնել այս մարդկանցից: Տասը տարի Ռոբերտ Քոչարյանն էր, յոթ տարի` Սերժ Սարգսյանը, ամեն մեկը իր թայֆեն բռնած իրենց աթոռն են պահում և թքած ունեն ժողովրդի կարծիքի վրա, և ժամանակն է հասկանան, որ հավատի միոջոցով է ժողովուրդը աշխարհ շուռ տվել, արցախյան պատերազմի ժամանակ անհնարինը հնարավոր դարձավ, մենք ազգովի ենք տարել ազգի դժվարությունները, և մենք ազգովի մեր գլխի ճարը պետք է տեսնենք համախմբվածության արդյունքում…









































