Իտալիայի առափնյա պահպանությունը երկու օրում՝ հունվարի 11-ին և 12-ին, խորտակված երկու նավերից փրկել է աֆրիկյան երկրների ավելի քան 400 ներգաղթյալների: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Հունվարի 11-ի ցերեկը 236 փախստականներ դուրս են բերվել Սիրակուզի քաղաքի մոտ խորտակվող նավից: Ներգաղթյալներով բեռնված ևս մեկ նավ նկատվել է հունվարի 12-ի առավոտյան: Նույն օրը ավելի քան 200 մարդ հայտնվել է փրկարար ծառայություների ձեռքում: Փրկարարական օպերացիան շարունակվել է ողջ օրը: Նավում գտնված ուղևորների հստակ թիվը դեռևս հայտնի չէ՝ ասվում է իտալական իշխանությունների հայտարարության մեջ:
2012 թվականին Աֆրիկայից Եվրոպա ճանապարհին զոհվել կամ անհետ կորել են շուրջ 500 ներգաղթյալներ: 2013-ին Միջերկրական ծովում նավերի խորտակման դեպքերի թիվը կտրուկ աճել է: Միայն 2013-ի հոկտեմբերի 3-ին Լամպեդուզա կղզու մոտ տեղի ունեցած նավաբեկության հետևանքով զոհվել է շուրջ 500 մարդ:










































