ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդին և գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ուղղված նամակում Սաուդյան Արաբիայի իշխանություններին մեղադրել է «Ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունենալու և արաբական հանրապետությունում ահաբեկիչներին աջակցելու մեջ: Ջաֆարին պահանջել է պատասխանատվության ենթարկել Էր-Ռիադին իր գործողությունների համար՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Հինգշաբթի ՄԱԿ-ի կայքում հրապարակված նամակում դիվանագետը հիշեցնում է, որ հոկտեմբերին ահաբեկչական ցանցի ղեկավար Այման Ալ-Զավահիրին ջիհադ է հայտարարել Մերձավոր Արևելքում: Ջաֆարին մեջբերում է Սաուդյան Արաբիայի 72 աստվածաբանների անուններ, որոնք Ալ-Զավահիրի հայտարարությունից հետո ուղերձ են հղել ամբողջ աշխարհի մուսուլմաններին՝ կոչ անելով շարունակել աջակցել Սիրիայում կռվող մոջահեդներին, մասնավորապես՝ «իսլամական ճակատ»-ին:
Ջավահիրին թագավորությունը կոչել է գլոբալ ջիհադի աղբյուր: Նրա խոսքերով՝ սաուդյան վարչակարգը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, ահաբեկչությունը ֆինանսավորելու դեմ պայքարի միջազգային կոնվենցիան և ահաբեկչությանը դիմադրելու մասին ԱԽ բանաձևերը:
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը մատնանշել է Սաուդյան Արաբիայի հանդեպ լուրջ միջոցներ ընդունելու անհրաժեշտությունը:









































