Հայկական մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Սյունիքի նախկին մարզպետ Լիսկայի ընտանիքը հեռացել է Հայաստանից, և Հայաստան վերադառնալու է միայն Լիսկան, այն էլ՝ բիզնեսի նպատակներով:
Եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա, ըստ էության, գործ ենք ունենում մի շատ հետաքրքրական նախադեպի հետ, երբ կարելի է Հայաստանում մարդասպանություն կատարել և հետո հանգիստ հեռանալ երկրից ու վայելել զանազան հանցագործությունների արդյունքում կուտակած ունեցվածքը:
Իրականում առաջին հայացքից աքսոր թվացող այս իրողությունը, ըստ էության, պարզապես հայաստանյան անպատժելիության մի նոր ձև է. ինչ ուզում ես՝ արա երկրում, ում ուզում ես՝ սպանիր, և հեռացիր հանգիստ՝ մինչ այդ ստանալով իրավապահների, այսպես ասած, անցաթուղթը կարճված գործերի տեսքով:
Մի կողմից՝ թվում է, որ լիսկաներն ու նրանց զարմը ինչքան շատ հեռանան Հայաստանից, այնքան Հայաստանի համար լավ, սակայն մյուս կողմից՝ այստեղ, ըստ էության, կարող է աշխատել հանրային խաբկանքի էֆեկտը: Այսինքն՝ երբ լիսկաները հեռանում են, Հայաստանը նրանց համար միևնույն է՝ շարունակում է մնալ ստրատեգիական նշանակության խնդիր: Ստրատեգիական՝ անձնական անվտանգության և անպատժելիության տեսանկյունից:
Բանն այն է, որ հայաստանյան հանցագործությունները արտասահմանում ապահով վայելելու գրավականը Հայաստանում քրեական և օլիգարխիկ սկզբունքների վրա կառուցված իշխանական համակարգի պահպանությունն է, որովհետև Հայաստանում ցանկացած օրինական և սահմանադրական իշխանություն վաղ թե ուշ ձեռնամուխ է լինելու Հայաստանի ուզուրպացման և աղքատացման համար պատասխանատու մարդկանց արտասահմանում հայտնաբերելու և հայրենիք վերադարձնելով՝ իրավական, օրինական կարգով պատասխանատվության կանչելու գործին:
Եվ ուրեմն՝ Հայաստանից թեկուզ ընդմիշտ մեկնող լիսկաների համար, որը տվյալ դեպքում ողջ համակարգի բնորոշումն է, Հայաստանում քրեական և օլիգարխիկ իշխանության պահպանումը թիվ մեկ խնդիր է մնում նաև այն ժամանակ, երբ նրանք, այսպես ասած, կամավոր կամ հարկադիր աքսորի են մեկնում արտասահման և վայելում իրենց կուտակածը այնտեղ:
Այսինքն՝ Հայաստանն իրականում ոչ միայն չի ազատվում այս շերտից, այլև ավելին՝ տվյալ շերտը արտասահմանից կգործի երևի թե ավելի ազատ ու անկաշկանդ՝ Հայաստանում ուզուրպացրած տնտեսական և քաղաքական իշխանությունը պահելու համար:
Ահա այս իմաստով, ըստ էության, գործ ունենք իսկապես վտանգավոր մի դրսևորման հետ, որը կարող է հանդիսանալ Հայաստանում իշխող համակարգի վտանգավոր բնույթի ինքնապահպանության և վերարտադրման, այսպես ասած, գենետիկ մի նոր մոդիֆիկացիան:
Եթե Լիսկայի առաջին փորձը հաջող անցնի, ապա կասկած չկա, որ նոր մեթոդաբանությունը կամ հասարակության և պետության դեմ պատերազմի նոր մարտավարությունը իշխող համակարգը կսկսի կիրառել առավել լայնորեն՝ Հայաստանը վերածելով իրենց արտասահմանյան «կլիմայափոխության» դեղատոմսի և զրահի:
Լուսանկարի հեղինակ՝ Ծովինար Նազարյան









































