Հանրահայտ չինացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Չժան Իմոուի նկատմամբ 7.48 մլն յուանի (1.2 մլն դոլար) տուգանք է սահմանվել Ընտանիքի պլանավորման մասին օրենքը խախտելու համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
62-ամյա ռեժիսորն ու նրա ներկայիս կինը՝ երիտասարդ դերասանուհի Չեն Տինը, դեկտեմբերին հրապարակավ խոստովանել էին, որ թաքցրել են երեք երեխաների (2 տղա, 1 աղջիկ) առկայությունը: Օրենսդրության համաձայն՝ քաղաքում բնակվող ընտանիքները մեկ երեխա ունենալու իրավունք ունեն:
Չինական սոցցանցերում տեղեկություններ են պտտվում, թե ռեժիսորը 4 կանանցից ծնված 7 երեխաների հայր է: Նա, սակայն, հերքում է այդ տեղեկությունը:
Նշենք, որ նա եղել է 2008-ին Պեկինի Օլիմպիադայի բացման և փակման արարողությունների գլխավոր բեմադրող ռեժիսորը:









































