Շտապօգնությունը 2013 թվականին լարված է աշխատել. ամբողջ տարվա ընթացքում մայրաքաղաք Երևանում գրանցվել է 218 հազար 597 կանչ, ինչը 16140-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ հավելելով, որ անցած տարի հոսպիտալացվել է ընդհանուր առմամբ 39 հազար 530 մարդ՝ 1821-ով ավել, քան 2012-ին:
«Ամանորին ևս շտապօգնությունը բավական լարված է աշխատել: Ամենաշատ կանչերը գրանցվել են հունվարի 4-ին՝ 830 դեպք: Հունվարի 1-ին գրանցվել է 809 կանչ: Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում հիվանդանոց է տեղափոխվել 1139 մարդ, որը 206-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:
Առաջին տեղում են եղել սիրտ-անոթային, սուր շնչառական և վնասվածքներ ստանալու դեպքերով կանչերը: Ոգելից խմիչքի չարաշահման հետևանքով ունեցել ենք 40 կանչ, որը 10 օրվա կտրվածքով այնքան էլ շատ չէ: Նախորդ տարվա կտրվածքով ալկոհոլային թունավորումների պատճառով գրանցվել է 728 կանչ»,- ասաց նա:
Թագուհի Ստեփանյանը նաև տեղեկացրեց, որ շտապօգնության ոլորտն անընդհատ արդիականացվում է: «Պետք է ներդրվի մի համակարգ, որով կտարանջատվեն իսկապես շտապ և ոչ այնքան շտապ կանչերը: Շտապօգնություն զանգահարած, ոչ այնքան ծանր վիճակում գտնվող անձինք մի քիչ էլ պետք է առավել ծանր վիճակում գտնվող հիվանդների մասին մտածեն և անպատեհ կանչեր չանեն: Պետք է մշակենք կանչեր ընդունելու նոր կարգ: Բնակչությունը հաճախ բողոքում է, որ կարգավարը չափից դուրս շատ հարցեր է տալիս, սակայն ուզում եմ շեշտել, որ զանգի պահից մեքենան ուղարկվում է կանչի հասցեով: Միաժամանակ, ուշացումների համար ներողություն ենք խնդրում մարդկանցից: Մեր անձնակազմով և 35 մեքենայով աշխատում ենք հնարավորինս օպերատիվ աշխատել: Իհարկե, աբսուրդ կանչեր էլ են լինում՝ եկեք թոքերս լսեք, եկեք փորս նայեք և այլն»,- ասաց Թագուհի Ստեփանյանը՝ հավելելով, որ ներկայացված բոլոր թվերը վերաբերում են բացառապես Երևանին:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի








































