ԱՄՆ Միչիգան, Ինդիանա, Վիսկոնսին, Իլինոյս և Միսուրի նահանգներում ցրտերի և ձյան առատ տեղումների հետևանքով զոհվել է արդեն 16 մարդ:
Մարդկանց մեծ մասը մահացել է ցրտից, ոմանք էլ դարձել են ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ: Որոշ տեղերում ջերմաստիճանը հասնում է -50-ի՝ գրում է ITAR-TASS-ը:
Սառնամանիքները խախտել են նաև օդային հաղորդակցությունը: Եղանակային վատ պայմաններից ամենից շատ տուժել են երկրի միջինարևմտյան և հյուսիսարևելյան նահանգները: Երկուշաբթի օրվանից ի վեր տեղի օդանավակայաններում չեղյալ են հայտարարվել առնվազն 6000 չվերթներ, մոտ 20 հազարը հետաձգվել է:
Առանց էլեկտրականության է մնացել առնվազն 30 հազար տուն: Անջատումների մեծամասնությունը տեղի է ունեցել Ինդիանա, Իլինոյս և Միսուրի նահանգներում:
Արկտիկական ցիկլոնի ազդեցության տակ հայտնված նահանգների իշխանությունները կարգադրել են փակել դպրոցները և պետական հաստատությունների մի մասը:








































