Կահիրեում վերսկսվում է նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի և «Մուսուլման եղբայրների» առաջնորդների դեմ դատական գործընթացը՝ ցուցարարների սպանության հրահրման գործով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Ալ-Իտիհադիա» նախագահական պալատի մոտ մարդկանց մահվան քրեական գործով լսումները սկսվել էին 2013-ի նոյեմբերի 4-ին: Քննարկվող դրվագը վերաբերում է 2012-ի դեկտեմբերի 5-ի իրադարձություններին, երբ հակաիսլամիստական ուժերը պետության ղեկավարի նստավայրի շուրջ բողոքի զանգվածային ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով չեղյալ հայտարարել Սահմանադրության վերաբերյալ համաժողովրդական հանրաքվեն: Հանրահավաքի թեժ պահին ցուցարարների վրա էին հարձակվել իսլամիստների զինված կողմնակիցները: Նախագահական պալատի շրջանը նմանվել էր մարտի դաշտի:
Պաշտոնական տվյալներով՝ այդ ժամանակ զոհվել էր 10, տուժել ավելի քան 700 մարդ: Ընդդիմադիր ակտիվիստները հայտնել էին ավելի քան 20 եգիպտացու մահվան մասին: Առաջին նիստից հետո հայտարարվել էր երկամսյա ընդմիջում՝ գործի հավելյալ նյութերի ուսումնասիրման համար, իսկ Մուրսին տեղավորվել էր Ալեքսանդրիայի մոտ գտնվող «Բուրգ Ալ-Արաբ» բանտում:
Առաջին լսումներից հետո Կահիրեում ևս մեկ դատական գործընթաց է սկսվել Մուրսիի ու «Մուսուլման եղբայրների» առաջնորդների դեմ՝ կապված 2013-ի հունիսի 30-ին իսլամիստների շտաբի մոտ ցուցարարների մահվան հետ: Ասոցիացիայի ղեկավարներին մեղադրում են ցուցարարների սպանություն հրահրելու մեջ:
Ներկայում Մուրսիի դեմ երրորդ գործընթացն է պատրաստվում հօգուտ օտարերկրյա պետությունների լրտեսման, պետական դավաճանության և պետական գաղտնիքների բացահայտման մեղադրանքներով: Այդ դատի մեկնարկի ամսաթիվը դեռևս հայտարարված չէ:
Մուրսին երեկ բանտում հայտարարել է, որ մտադիր է դատական լսումներին ներկայացնել իրադարձությունների անսպասելի մանրամասներ: Այդ իրադարձությունները տեղի են ունեցել 2011-ի հունվարին, երբ զանգվածային հակակառավարական ցույցերը հանգեցրին Հոսնի Մուբարաքի պաշտոնաթողության:










































