2013-ին մեծ ձեռքբերումներ չունեցանք: Ամփոփելով 2013-ը՝ նման տեսակետ հսյտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: «Քաղաքական դաշտին ինչ տվեց այդ տարին. կարծում եմ՝ դա մեր հասարակությանը պետք է հարցնեք և քաղաքական վերլուծաբաններին:
Հետևելով 2014 թվականի բյուջեում տեղ գտած հոդվածներին՝ մենք առանձնապես մեծ հույսերով չենք լցված 2014-ի նկատմամբ և կարծում ենք, որ այն ավելի վատն է լինելու, քան 2013-ը: Ռեալ կյանքը ցույց է տալիս դա: 2013-ն ավելի վատն էր, քան 2012-ը, 2014-ն ավելի վատն է լինելու, քան 2013-ը: Կուտակայինի այդ չարչրկված օրենքից սկսած մինչև տրանսպորտի գնի բարձրացում, գնաճ, և այլն, և այլն, ի՞նչն է լավ հասարակ քաղաքացու համար»,- ասաց նա:
Խոսելով իրենց ընտանիքի ամանորյա ավանդույթների մասին՝ Բաբայանը կարծիք հայտնեց, որ յուրաքանչյուր ընտանիքում էլ բոլորը ձգտում են՝ ամանորյա սեղանն իրենց հնարավորությունների շրջանակներում ճոխ և շքեղ լինի, և նշեց, որ չի կարծում՝ այդ շքեղությունն ինչ-որ չափանիշ ունի. բոլորի համար էլ ամանորյա սեղանը շքեղ է լինում, սակայն՝ ըստ հնարավորությունների: «Օրինակ՝ խոզի բուդին ես միշտ ավելի այլընտրանքային տարբերակներ եմ գտնում, որովհետև բոլորի մոտ լինում է դա:
Ամանորն ընտանեկան տոն է, ընտանեկան ջերմությունը բոլորի մոտ պահպանված է, անկախ նրանից՝ պատգամավոր է, ուսուցիչ թե գործազուրկ: Իմ ամենահիշվող Ամանորը եղել է 2004 թվականին՝ բանակում ծառայության ժամանակ, երբ մենք գիշերվա ժամը 12-ին «Մեր հայրենիքն» էինք երգում ցուրտ ձմեռային եղանակին»,- ասաց նա:









































