Արդեն երեք ամիս Երևանի կենտրոնում «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության հավաքները մեծ աղմուկ են բարձրացնում Հայաստանում և Սփյուռքի համայնքներում: Շարժման պարագլուխները իրենց փոքրաթիվ համակիրներով, օգտագործելով սոցիալական ցանցերի աղմկոտ էֆեկտները, փորձում էին կապիտալիզացնել թավշյա հեղափոխության էմոցիոնալ ֆոնը եկեղեցու ներսում ևս հեղաշրջում իրականացնելու համար։ Օգոստոսի 17-ի հետհեղափոխական հանրահավաքին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը «իջեցնել պաստառները» սառը ցնցուղ էր պայմանականորեն «Նոր աղանդ» կոչվող շարժման առաջնորդներին։ Այսօր, երեք ամիս անց, այլևս փաստ է, որ նրանց ոչ միայն չհաջողվեց ստանալ որևէ օծյալ հոգևորականի աջակցություն, այլև այդ նույն հոգևորականներին ու հավատացյալներին համախմբեց եկեղեցու և կաթողիկոսի շուրջ։
Սփյուռքի համայնքներում, դատելով Ֆեյսբուքում ուսումնասիրված հրապարակումներից, այն մարդկանց համար, ովքեր իրենց ինքնությունը կառուցում են Էջմիածնի ու եկեղեցու շուրջ, հակաեկեղեցական շարժումը մերժող ալիք բարձրացավ։ Վերջին երեք ամիսներին Մայր Աթոռ այցելեցին տարբեր տարիքի հարյուրավոր ուխտավորներ` ընդգծելու համար իրենց աջակցությունը կաթողիկոսին։
Նախորդ օրերին, Նիկոլ Փաշինյանի օրինակով, «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության ակտիվիստները փորձեցին ներխուժել Երևանի պետական համալսարանի տարածք, սակայն ստացան ուսանողների տոտալ անուշադրությունը։ Չոր հաշվարկով, զուտ թվաբանական տեսանկյունից, մոտ երեսուն հոգի հավաքվում են Երևանի կենտրոնում, առցանց հեռարձակմանը հետևում են մոտ 70 հոգի և այդ մոտ հարյուր հոգին փորձում են իրենց ներկայացնել իբրև «ողջ հասարակություն», ինչը ծիծաղելի և վտանգավոր է։
Բայց այս տապալումը բացում է նաև նոր, դրական հնարավորություններ։
Մոտ երկու տասնամյակ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Գարեգին Բ կաթողիկոսը և եկեղեցին մեծ ջանք չեն գործադրել հասարակության ավելի լայն շերտերին իրենց սոցիալական, կրթական ու այլ ծրագրերի մասին պատշաճ տեղեկացնելու համար։ Արդյունքում` հասարակությունը տեղեկանում էր կաթողիկոսի ու այլ բարձրաստիճան հոգևորականների գործունեության մասին միայն նախագահի կամ մարզպետների կազմակերպած միջոցառումների շրջանակներում։ Եվ քանի որ պետական պաշտոնյաները չունեին առանձնակի լեգիտիմություն, տարիների ընթացքում տուժել է նաև եկեղեցին, թեմերի առաջնորդները ու կաթողիկոսը։
Այս առումով պետք է շեշտադրել «նոր աղանդի», այնուամենայնիվ, դրական արդյունքը, մասնավորապես, հոգևորականությանը տևական թմբիրից հանելու իմաստով։ Թեմական առաջնորդները, ինչպես նաև կաթողիկոսը, հասկացան, որ հին մեթոդներով այլևս հնարավոր չի լինելու, այսպես ասած, լեգիտիմություն ապահովել հասարակության շրջանում։ Կաթողիկոսի համար բացվեց առանձին ֆեյսբուքյան էջ, որը հնարավորություն է ընձեռում մարդկանց իրական ժամանակում ծանոթանալ Գարեգին Բ Վեհափառի առօրյա գործունեությանը և լցնել այն տեղեկատվական բացը, որը գոյացել էր տարիների ընթացքում և ինչը փորձում էին աղմուկով լցնել բողոքականները։
Նոր էլիտայի ձևավորման այսօրվա իրականությունում, երբ եկեղեցին պարտավոր է շարունակել պետության հետ համակեցությունը և դաշնակցությունը, բարձրաստիճան հոգևորականությունը պետք է մտածի նոր, երիտասարդ իսթեբլիշմենթի հետ հանուն պետության ու հասարակության զարգացման սերտ գործակցելու հնարավորությունների մասին։ Ակնհայտ է նաև, որ Սփյուռքից ներդրումներ բերելու պլաններ ունեցող Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը ևս պետք է ազատվի նախորդ ամիսներին եկեղեցին անուշադրության մատնելու հետհեղափոխական բարդույթից, որպեսզի ստանա կաթողիկոսի աջակցությունը Սփյուռքի համայնքներ այցերի արդյունքում ներդրումներ բերելու գործում։ Ֆեյսբուքում և հրապարակներում ծափ տվողները ներդրողներ չեն, նրանք աշխատող մարդիկ են, որոնց համար պետք է ստեղծել աշխատատեղեր ավելի լուրջ ու քննադատական մտածողություն ունեցող, հաջողության հասած մարդկանց միջոցով։ Օգոստոսի 17-ի փոքրիկ քայլը լավ ճանապարհ է բացում պետություն-եկեղեցի գործակցության վերագործարկման համար։
Եկեղեցին, իհարկե, իր հերթին կարող է օգնել նոր էլիտայի անդամներին իրենց բարդույթներից ազատվելու ճանապարհին, մասնավորապես՝ ստեղծելով մի անաղմուկ քննարկումների հարթակ։ Սա, թերևս, կարող է դառնալ «Նոր աղանդի» հակաեկեղեցական հավաքների ամենակարևոր դրական ձեռքբերումը։









































